«Կարմիր գծերի» ու արագաչափերի հարցը Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է. Արմեն Գևորգյան

19:36 • 11.06.14

 

«Կարմիր գծերի», փողոցներում տեղադրված արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի հետ կապված խնդիրները Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այս մասին Ազգային ժողովի նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ կարմիր գծերից ազատել գոնե այն տարածքները, որտեղ նախկինում տեղադրված էին կայանումն արգելող նշաններ՝ որպես մեկ քայլ ընդառաջ հասարակությանը:


«Առանց չափազանցելու՝ հարցը ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անգամ երեկ վարչապետի մոտ այս խնդիրներով քննարկում է եղել, որը ավելի համապարփակ բնույթ է կրել, որովհետև մենք քննարկել ենք ո´չ միայն կարմիր գծերին առնչվող հարցեր, այլ նաև՝ արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի: Կառավարության գործունեության ծրագրում կա դրանց մասին անդրադարձ, կան հստակ հանձնարարություններ վարչապետի կողմից: Առաջիկայում համապատասխան օրենսդրական փաթեթ կքննարկվի, որոնք վերաբերում են այս խնդիրներին»,-ասաց նա:


Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ երեկ Երևանի փողոցներում բողոքի ակցիա են իրականացրել հարյուրավոր վարորդներ՝ «Դու´րս մեր գրպանից» նախաձեռնության հետ, որը պայքարում է «կարմիր գծերի», փողոցներում տեղադրված արագաչափերի ու նկարահանող սարքերի տուգանքների դեմ:

 

«Նախկինում, երբ մայրաքաղաքը դեռևս չափագրված չէր սարսափ առաջացնող կարմիր գծերով, բազմաթիվ վայրերում տեղադրված էին կայանելն արգելող նշաններ: Երբ կարմիր գծերը հայտնվեցին, այդ նշանները անհետացան, ու հիմա արդեն անվտանգության կանոններ չկան: Կարելի է կանգնել ու վճարել սեփական երկրի սեփական մայրաքաղաքի հանրային պատկանելության վայրերից օգտվելու համար»,-ասաց նա: