Հարավկորեական խորտակված «Սևոլ» նավի անձնակազմին մահապատիժ է սպառնում
Հարավային Կորեայում սկսվել է ապրիլին խորտակված «Սևոլ» նավի անձնակազմի դատավարությունը։ Նավի խորտակման հետևանքով մահացել էր մոտ 300 մարդ, մեծամասամբ՝ դպրոցականներ, գրում է segodnya.ua-ն։
Նավի կապիտան 68-ամյա Լի Ջունսոկը և նրա 3 ավագ օգնականները մեղադրվում են սպանության համար, որի համար նրանց մահապատիժ է սպառնում։
Ծանրացնող հանգամանք է հանդիսանում փաստը, որ կապիտանը լքել է խորտակվող նավը՝ նրա շրջվելուց մի քանի րոպե անց։ Դատարանում կցուցադրվի տեսագրություն, որում Ջունսոկը լքում է նավը այն դեպքում, երբ երեխաները, ենթարկվելով նրա անձնակազմի հրամաններին, սպասում են փակ սենյակներում. անձնակազմն այդպես էլ չի հայտարարում վտանգի մասին։
Կապիտանի օգնականները կարող են դատապարտվել մահապատժի՝ խորտակվող նավը լքելու համար, ազատազրկում է սպառնում նաև 9 մարդու, որոնք մեղադրվում են հանցավոր անփութության համար։
«Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափերին։ 476 ուղևորներից և անձնակազմի անդամներից 339-ը երեխաներ էին և ուսուցիչներ միևնույն դպրոցից։ Փրկել հաջողվել է միայն 172 մարդու։










