Զոհրաբ Մնացականյանը և Բան Կի-մունն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին
Հունիսի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:
Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը:
Դեսպան Մնացականյանը և Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այդ համատեքստում ընդգծվել է հիմնահարցի խաղաղ կարգավորման անհարժեշտությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձևաչափի անփոխարինելիությունը:
Զրույցի ավարտին դեսպան Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի վճռականությունը` շարունակելու կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում և իր նպաստը բերելու միջազգային խաղաղությանն ու զարգացմանը, ինչպես նաև՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրների լուծմանը:










