ԵԱՀԿ-ն դադարեցրել է Լուգանսկի իրավիճակի մոնիթորինգը

17:00 • 11.06.14

Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության դիտորդների խումբը դադարեցրել է Լուգանսկի մոնիթորինգը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

 

«Լուգանսկում իրավիճակը մնում է լարված»,- ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված առաքելության հաշվետվության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

 

Առաքելության մամուլի ծառայությունը չորեքշաբթի՝ հունիսի 11-ին, հայտնել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները շարունակում են մնալ Լուգանսկում, բայց իրենց աշխատանքում մշտապես հաշվի են առնում անվտանգության հետ կապված իրավիճակը: Հենց անվտանգության նկատառումներից ելնելով է դադարեցվել մոնիթորինգը քաղաքում: Թե արդյոք այն այժմ վերականգնվել է, առաքելությունում չեն հստակեցրել:

 

Համաձայն ԵԱՀԿ առաքելության հաշվետվության՝ Դոնեցկում անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է առանց նշանակալի փոփոխությունների: Սլավյանսկում իրավիճակին առաքելությունը հետևում է քաղաքում մշտական զրուցակիցների հետ հեռախոսազրույցների օգնությամբ: Դիտորդները նաև հարցազրույցներ են ունենում այնտեղ վերադարձող լրագրողների հետ և ուսումնասիրում դեպքի վայրից արված նրանց լուսանկարները:

 

Այժմ Ուկրաինայի արևելքում անջատողականներն իրենց մոտ են պահում ԵԱՀԿ դիտորդների երկու խումբ: