Ուկրաինայի նախագահն ընտրությունների ընթացքում խնայած գումարները հատկացրել է բանակին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է նախարարներին նախագահական ընտրությունների 2-րդ փուլում խնայած գումարները հատկացնել զինվորականների առաջնահերթ կարիքների համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին։
Նշվում է, որ խնայված միջոցները կազմում են ավելի քան 600 մլն գրիվեն: Գումարը կհատկացվի անձնակազմի զինման լավացմանը, ինչպես նաև ուկրաինացի զինվորներին պաշտպանության և այլ անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու համար։
«Համապատասխան միջոցներով Ուկրաինայի Զինված ուժերի ֆինանսավորումը, մասնավորապես, անհրաժեշտ նյութերով ապահովելը և զինծառայողների սոցիալական պաշտպանությունը, թույլ կտա Պաշտպանության նախարարությանը լուծել մի շարք խնդիրներ»,- նշել է Պորոշենկոն։










