Կարմիր խաչը գումար է խնդրում Ուկրաինայի հարավ-արևելքում աշխատելու համար

15:16 • 11.06.14

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դոնորներից 9,1 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն է խնդրել։ Միջոցներն անհրաժեշտ են կազմակերպությանն Ուկրաինայի հարավ-արևելքում գործունեության համար, ասված է կոմիտեի կայքում հրապարակված հայտարարության մեջ, գրում է lenta.ru-ն:

 

«Մենք պատրաստ ենք ավելի մեծ օգնություն ցուցաբերել, եթե դրա անհրաժեշտությունն ավելանա»,- հայտարարել է Կիևում կոմիտեի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ժակ Բարբերին: Ընդ որում, նրա խոսքով, կազմակերպությանն ահրաժեշտ է կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի հետ համագործակցություն, մասնավորապես՝ Սլավյանսկի և Կրամատորսկի նման քաղաքներ անվտանգ հասնելու համար:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հաղորդել են, որ այս տարվա մայիսի սկզբից Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 1.000 մարդ:


Ստացած միջոցները Կարմիր խաչը պատրաստվում է ուղղել առաջին հերթին տեղի հիվանդանոցներին և բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն։