Ոստիկանապետը շնորհակալություն է հայտնել այսօրվա կրակոցներից տուժած 5 ոստիկաններին, փաստի առթիվ հարուցվել է քրգործ

16:20 • 12.06.14

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ այսօր դատարանի շենքի առաջ ոստիկանների վրա 1983թ. ծնված Հայկ Կ.-ի կողմից կրակելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:


Հարցին, թե քանի ոստիկան է տուժել, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ կրակոցների հետևանքով տուժել է հինգ ոստիկան, որոնցից մեկը իգական սեռի։


Նա նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել բոլոր տուժածների հետ, շնորհակալություն է հայտնել նրանց, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից, զսպվածություն են ցուցաբերել և վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն այսօր՝ ժամը 12.10-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:


Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: