Վարչապետի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ մասնավորապես՝ ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին:
Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության և դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ լրամշակել առաջարկվող փոփոխությունները և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ Կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:










