Աֆրիկյանների տան բնակիչը պատրաստ է ինքնահրկիզվել. ի՞նչ է մնացել հուշարձանից (տեսանյութ, լուսանկարներ)

09:01 • 12.06.14

 

Հայաստանի պատմամշակութային հուշարձան համարվող Երևանի Աֆրիկյանների տան բնակիչ Վահե Ղուկասյանը, ով 54 տարի է այդ տանն է ապրում, սպառնում է ինքնահրկիզվել, եթե իրեն հանեն այդ տնից: «Ուզում ա տանկով գան, ես կդիմադրեմ, դուրս չեմ գա, ես չեմ վախենում, բենզինը կլցնեմ ու իրանց հետ ինձ կվառեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
 

Տերյան 11 հասցեում գտնվող տան տարածքը Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Կառուցապատման իրավունքով տարածքը տրվել «Դվին» ՍՊԸ-ին, որի իրավահաջորդն այժմ «Միլենիում քոնստրաքշն» ՍՊԸ-ն է: Իսկ շենքը Կառավարությունը նախատեսել է ապամոնտաժել ու տեղափոխել «Հին Երեւան» պատմաճարտարապետական թաղամաս:


Հիշեցնենք, որ վերջին անգամ հունիսի 9-ի երեկոյան մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված և քանդման ենթակա հին շենքի մոտ՝ ի պաշտպանություն հայտնի կառույցի պահպանման: Արդյունքում նրանցից մի քանիսը բերման էին ենթարկվել;


Մեր զրուցակիցը, ով շենքի միակ բնակիչը չէ, ապրում է տղայի հետ։ Նա պատմեց, որ նախորդ օրը տարածքի գնորդն էր եկել իր մոտ, ում վերջինս ասել է, թե իր նկատմամբ անօրինական գործարքներ են կատարում։


«Առանց ինձ ասելու, ինձ գրանցումից հանել են, ես գաղութ-բնակարանում եմ եղել գրանցված, հիմա ինձ եկել հանում են, ասում են՝ մենք էն ժամանակ որ եկել հաշվարկ ենք արել, դու այդ ժամանակ գրանցված չես եղել, հիմա ես էլ ուզում եմ ապացուցեմ, որ գրանցված եմ եղել: Ուղղակի բազմիցս կալանավայրերում եմ եղել, դրա համար էս օրն եմ ընկել, արածս էլ մի բան չի, խուլիգանության համար եմ նստել»,– ասաց նա:


Վահե Ղուկասյանը վստահեցրեց, որ ապրելու տեղ չունի: Եվ հիմա պահանջում է, որ իրեն ու իր որդուն տուն տան: «Ես չեմ ուզում, որ էս շենքը քանդեն, որովհետև պապիս տունն ա, բայց ես տղա ունեմ, որը Ղարաբաղում ծառայել ա ու եկել, ասում ա՝ պապ, էս ինչ ա եղել, ասում եմ՝ քանդել են: Հիմա տուն չունենք, որ ապրենք: Եթե էստեղից ինձ հանեն, ես փողոցում կմնամ»,- ասաց նա:


Վերջինս նաև նշեց, որ շենքի նախկին բնակիչներից ում գումար են առաջարկել տան համար, ասել են, որ մինչև տունը չքանդեն, չի ստանա գումար:


Շենքի նախկին բնակիչներից Զինա Նիկողոսյանը, ով 24 տարի ապրել է այդ տանը, իսկ հիմա վարձով է ապրում Երևանի Չարբախ թաղամասում, մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն այսօր արդեն համաձայն է քանդելուն:


«Ես համաձայն չեմ, որ քանդեն, բայց որ խանգարում է արդեն, էլ ի՞նչ իմաստ ունի պահել: Կողմ եմ քանդելուն նրա համար, որ ժամանակին գային, չթողնեին էսքան քանդեին, մենք էլ մնայինք մեջը, հիմա քանդել վերջացրել են, նոր են պայքարում: Իսկ հիմա էնտեղ կռիսանոց է»,-ասաց նա:


Տիկնոջը խոստացել են բնակարան տալ Երևանի Վարդանանց փողոցում, բայց դեռ չի ստացել. «Ես էլ արդեն 8 տարի է փողոցները թրև եմ գալիս, սպասում եմ»:


Շենքի հարևանությամբ ապրող մի մարդ, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ամիսներ առաջ 130 տարվա գերանները քանդել ու վաճառել են, բոլոր բազրիքները, որոնք դարբնի գործեր էին, քանդել են, սակայն մեկը տեր չի կանգնել: «Հիմա պայքարում են, որ ի՞նչ, շենքից էլ բան չի մնացել»,-ասաց նա:


Նշենք, որ շենքի հարևանությամբ ապրողները հիմնականում խուսափում են խոսել այդ մասին բարձրաձայն: Բայց շենքը քանդողների մասին ներկա և նախկին բնակիչները, ինչպես իրենք են ասում, լավ գիտեն: «Ես գիտեմ, որ քանդողը հայ է,-ասաց Զինա Նիկողոսյանը։ «Միլենիում կազմակերպությունն է»,- ասաց հարևանությամբ ապրող մեկ այլ բնակիչ:


Նշենք, որ ծնունդով նոր բայազետցի և երևանաբնակ մեծահարուստ Աֆրիկյանները իրենց ներդրումն են ունեցել Երևանի կառուցման և կոլորիտի մեջ, նրանց անվան հետ է կապվում Երևանի կառուցման մեջ նշանակություն ունեցող շինություններ: Երևան առաջինը ջուր է բերվել նրանց շնորհիվ: Իրենց արտադրական, առևտրային գործունեությամբ նրանք տարատեսակ բարեգործություններ են արել Արևելյան Հայաստանում։