Կիսելյովին պիտի արգելեին խորհրդարան մտնել, ոչ թե ԱԺ կենտրոնական դռները բացեին. Արթուր Սաքունց
«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին ոչ միայն պետք չէր խոսք տալ, այլ ընդհանրապես արգելել նրա մուտքը ՀՀ ազգային ժողով։ Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ռուս լրագրողի՝ ռուսերեն լեզվի մասին հայտարարություններին, նրա, իր խոսքով՝«լրագրողական գործունեությանը» և ուկրաինական դեպքերի հետ կապված «օրը ցերեկով արված ստախոսության հետ»:
«Այն ստախոսությունը, որը Կիսելյովը թույլ է տալիս իրեն, նման մարդուն, նման մասնագետին ընդհանրապես անբարոյական է թույլ տալ ներկայացուցչական մարմնում ելույթ ունենալ»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսաց լեզվի իմացության մասին Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, թե Հայաստանում ռուսաց լեզուն լավ չեն տիրապետում, Արթուր Սաքունցը, նկատեց.«Դա հանդիսանում է պետական լեզվի կոպիտ խախտում, որը կատարվեց ոչ միայն Կիսելյովի, այլ ԱԺ ներկա անդամների կողմից՝ ԱԺ փոխնախագահի մակարդակով»:
Նշենք, որ երեկ Հերմինե Նաղդալյանը, ով վարում էր «Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբ» նիստը, հայտարարեց, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ու նման հանդիպումները պետք է անցնեն հայերենով, բայց, ելնելով ժամանակի խնայողության տեսակետից, առաջարկեց անցնել ռուսերենի:
Արթուր Սաքունցը, ով հասկացել է, թե Կիսիլյովն առաջարկում է ռուսերենը Հայաստանում դարձնել պետական լեզու, նկատեց, որ նման հարցադրում կարելի է անել մի երկրում, որը բազմազգ է:
«Մեր բնակչության էթնիկ կազմն էնպիսին չէ, որը հիմք կտար նման հարցադրումներ ներկայացնելու, եթե ունենայինք 30-20 տոկոս ռուսներ, բնականաբար, միջազգայնորեն հայտնի ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսակետից հնարավոր էր նման հարցադրում դնել՝ այն էլ օգտագործման իրավունքի տեսանկյունից»,- ասաց նա։
Նշենք, որ ռուս լրագրողը բառացի ասել էր, որ թեև Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, նշանակում է` Ռուսաստանն է հեռացել:
Այս հիշեցումից հետո Արթուր Սաքունցը հեռակա հակադարձ հարց հղեց նրան, արդյո՞ք Մոսկվայում, որը բազմազգ քաղաք է, պատշաճ չէ՞ր լինի թաթարերենի, չուվաշերենի, հայերենի, ուկրաիներենի և մնացած բոլոր լեզուները, որոնք օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից:
«Նախևառաջ, սեփական երկրում թող խնդիրները լուծի, որպեսզի բարոյական իրավունք ունենա նման հարց դնել մեկ այլ երկրում,և ես գտնում եմ, որ նման մոտեցումն ավելի շատ գաղութային պետության ներկայացուցչի վարքագծին բնորոշ է»,- ասաց իրավապաշտպանը։
Նրա համար անհասկանալի է նաև Կիսելյովի ելույթի այն հատվածը, որ Ռուսաստանն է ՀՀ քաղաքացիների ու Հայաստանի՝ «որպես անկախ պետության» միակ երաշխիքը՝ այն պարագայում, երբ այդ պետությունը տարածաշրջանում հանդիսանում է սպառազինությունների մրցավազքի նախաձեռնողը և իրականացնողը»:
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ այսինքն՝ Ռուսաստանը քաջ իմանալով, որ գոյություն ունի սառեցված հակամարտություն, ինքը հակամարտության կողմերին զինում է, ինչը չի կարող հանդիսանալ պաշտպանություն կամ անկախության երաշխիք տրամադրող երկրի վարքագիծ:
Նշենք, որ երեկ Դմիտրի Կիսելյովը խոսել էր նաև աշխարհի անգլոսաքսոնական գաղութարարական կառավարման ձևի մասին ու դրան հակադրել եվրասիական մոդելը:
Արթուր Սաքունցը նկատեց, որ դա ոչ թե անգլոսաքսոնական կառավարման ձև է, այլ հին հունական «պոլիսներից» եկող, պատմականորեն իր արդյունավետությունն ապացուցած մոդել: Ի տարբերություն եվրասիական մոդելի:










