Զինյալները մտադիր են գրավել Բաղդադը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները, որոնք ավելի վաղ գրավել էին Մոսուլ և Տիկրիտ քաղաքները, մտադիր են գրավել նաև Բաղդադը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France Presse գործակալությանը հղումով։
Ամերիկյան մոնիթորինգային SITE խմբի տվյալներով՝ խմբավորման ներկայացուցիչ Աբու Մոհամմեդ ալ Ադնանին դիմել է զինյալներին՝ կոչ անելով գրավել Բաղդադը։
«Մարտեր դեռևս չկան, սակայն շուտով մոլեգնելու են Բաղդադում և Քերբելում»,-ասված է ալ Ադնանիի ուղերձում, որը տեղադրվել է Twitter-ում։ Նա Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիին «սարսափելի ոչ կոմպետենտ» է որակել։
Նախօրեին ահաբեկիչները գրավել էին Մոսուլ քաղաքը, որն Իրանի հյուսիսային Նայնավա նահանգի վարչական կենտրոնն է։
Չորեքշաբթի իշխանությունները հաղորդել էին Սալահ ադ Դին նահանգի մայրաքաղաք Տիկրիտի անկման մասին։
Տեղեկություններ են հաղորդվում Սամարրա քաղաքի մոտ ընթացող մարտերի մասին, որն Իրաքի մայրաքաղաքից 125 կմ է հեռու։










