Պատգամավորների և նախարարների ֆուտբոլային նախասիրություններն ու կանխատեսումները. Tert.am-ի հարցումը
Բրազիլիայում մի քանի ժամից սկսվող Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացումից առաջ Tert.am-ը փորձեց Հայաստանի օրենսդիրներից ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից պարզել վերջիններիս ֆուտբոլային նախասիրությունների, կանխատեսումների մասին: Ի տարբերություն պատգամավորների, ովքեր չխորշեցին ցուցադրել իրենց ֆուտբոլային կրքերը, հարցված նախարարները, բացառությամբ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ցույց տվեցին, որ ֆուտբոլով չեն հետաքրքրվում՝ ժամանակ չունենալու պատճառով:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ի պատասխան հարցի, թե նայելո՞ւ է ֆուտբոլ ու ո՞ր թիմն է դուրս գալու եզրափակիչ, հենց այդպես էլ ասաց. «Չեմ մտածել, չեմ տրամադրվել, ես գնում եմ աշխատեմ»:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ նմանատիպ պատասխան տվեց՝ ասելով. «Եթե ժամանակ ունենամ, անպայման կնայեմ։ Ով կդառնա չեմպիո՞ն... այդ ուղղությամբ չեմ մտածել»:
«Ես էնքան հետաքրքվելու նյութեր ունեմ, որ ինքս երկար ֆուտբոլ պարապելով՝ չեմ կարող ֆուտբոլի թեմայով խոսել»,–ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ շատ ուշ են սկսվում խաղերը՝ գիշերը, և հավելեց. «Ես փախնեմ Ձեզնից, էլի»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցված նախարարներից միակն է, ով ասաց, որ ֆուտբոլ նայելու է, ընդ որում օգտագործելով նաև ֆուտբոլի «դասական» ատրիբուտներից մեկը՝ գարեջուրը: Ճիշտ է՝ խիստ խորհրդանշական ձևով՝ մեկ գավաթով:
«Գուշակություններով չեմ զբաղվում՝ որ թիմերը դուրս կգան եզրափակիչ, Իմ ցանկությունն է, որ դուրս գա հարավաֆրիկյան թիմերից մեկը»,-ամեն դեպքում, Արմեն Աշոտյանը մաղթում է Աշխարհի առաջնությանը գոլառատ ֆուտբոլ:
Ֆուտբոլի մասին գեղեցիկ ու ջերմ խոսքեր ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով. «Ես միայն նախասիրություններն եմ ասելու, ոչ հաշիվ, և իմ կարծիքով՝ ամենահրապուրիչ, հմայիչ ու հետաքրքիր խաղը ցույց է տալիս Իսպանիայի հավաքականը: Դա և՛ գեղեցիկ, և՛ ռացիոնալ, գնդակը միշտ վերահսկողության տակ պահելու, մտածված խաղ խաղալու ֆուտբոլն է: Ես, իհարկե, գերադասում եմ բարսելոնյան ֆուտբոլը, բայց Գվարդիոլայի ժամանակների «Բարսելոնայի»»:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ միշտ ուշադիր հետևում է և միշտ երկրպագում է 3 թիմի: Առաջինը Ֆրանսիայի հավաքականը, քանի որ, նախ՝ երկիրն է սիրում, իսկ եթե ինչ-որ պատճառներով Ֆրանսիան «դուրս է թռչում», երկրպագում է Բրազիլիայի, ապա Հոլանդիայի հավաքականներին:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ, իր նախասիրությունների մասին հարցին ի պատասխան ասաց. «Ցավոք, վերջին տարիներին ֆուտբոլային զարգացումներին, պրոցեսներին չեմ հետևել ու ոչինչ չեմ կարող ասել: Հատուկ նպատակադրված չեմ հետևելու, բայց եթե աչքս կպավ, տեսա՝ լավ ֆուտբոլ է, կնայեմ»:
Դաշնակցական Արծվիկ Մինասյանի համար միշտ գոյություն ունի երեք թիմ՝ հետևյալ առաջնահերթությամբ. Իսպանիա, Գերմանիա, Բրազիլիա: Նաև վստահ է, որ հենց այս թիմերից երկուսը դուրս կգան եզրափակիչ:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ «փոքր ժամանակներից միշտ Բրազիլիայի կողմն է եղել»:
Հանրապետական Վազգեն Կարախանյանը վստահ է, որ չեմպիոնը լինելու է Բրազիլիան՝ նաև, հաշվի առնելով, որ խաղերն ընթանում են Բրազիլիայում:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը սիրում է բրազիլական ֆուտբոլ։ «Ո՞վ կդառնա՝ չեմ կարող ասել, որևէ հաշվարկ չեմ արել»,-ասաց նա։
Ի պատասխան հարցի, թե ֆուտբոլին հետևում է դրա «դասական» ատրիբուտներո՞վ՝ գարեջրով ու խեցգետնով, ասաց, որ ոչ միշտ, բայց պատահում է՝ հիմնականում եզրափակիչ խաղերին:
«Ես սիրում եմ նայել այդ խաղերը, այո, գարեջրի ու խեցգետնի առկայությամբ,-ասաց Հովհաննես Սահակյանը և նայելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ուղղությամբ հավելեց,- և Սամվել Ֆարմանյանի ներկայությամբ, ով իմ լավագույն ֆուտբոլ նայող ընկերներից մեկն է, և ում հետ և՛ գարեջուրն է, այսպես ասած, ավելի սառը, և՛ խեցգետինն էլ ավելի համով, և՛ ֆուտբոլն է ավելի հետաքրքրիր»:
Սամվելն Ֆարմանյանն ինքը, ով երկրպագում է Իսպանիայի հավաքականին, կարծում է՝ աշխարհի առաջնությանը անակնկալ կդառնա Բելգիայի հավաքականը, թեև կարծում է, որ ցանկացած թիմի համար շատ դժվար ու վտանգավոր մրցակից է լինելու Գերմանիայի հավաքականը, որը, ըստ պատգամավորի, իրական շանսեր ունի հաղթելու առաջնությունում:
«Թեև ավելի մեծ ֆավորիտ մարդիկ համարում են Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները, բայց հնարավոր է՝ Գերմանիան հաղթի: Նաև ասեմ, որ շատ կուզեմ, որ մեր հայրենակիցը, ով Իրանի հավաքականում է խաղում, աչքի ընկնի»,-ասաց Սամվել Ֆարմանյանը՝ ավելացնելով, որ ինքը, ինչպես բոլորը Հայաստանում, երազում է, որ գալիք ընտրական ցիկլում Հայաստանի հավաքականը կարողանա հանդես գալ Եվրոպայի ընտրական ցիկլում:
Հանրապետական Համլետ Հարությունյանը կարծում է, որ չեմպիոն կդառնա Բրազիլիան: Սա նրա իրատեսական ցանկությունն է. ցանկություն, որովհետև այս թիմին է սիրում, իսկ իրատեսական, որովհետև առաջնությունը «նախ Բրազիլիայում է, և երկրորդը՝ իրենք ուժեղ են»: Իսկ եզրափակիչ, նրա կարծիքով, դուրս կգան Պորտուգալիան և Բրազիլիան:










