ԱՄՆ-ում 6-ամյա աղջիկը դպրոց հերոին է տարել. ամբողջ դասարանը հետազոտման է ենթարկվել

11:43 • 12.06.14

Լուսանկարում երեխայի մայրն ու նրա ընկերն են

 

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում վեցամյա աղջիկը դպրոց է տարել հերոինով 11 փաթեթ, որոնք նա գտել է իր մոր մոտ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Առաջին դասարանի աղջկա մոտ թմրանյութերը հայտնաբերել է ուսուցիչներից մեկը և անմիջապես ոստիկանություն կանչել: Նշվում է, որ բացվել է հերոինի առնվազն երկու փաթեթ, ևս մեկի վրա երեխաների ատամների հետքեր են եղել։ Ընդ որում՝ աշակերտներից մեկը սկսել է բողոքել փորացավից:

 

Ոստիկանները որոշել են բոլոր աշակերտներին՝ 20 երեխա, տանել հիվանդանոց՝ հետազոտության: Աշակերտների վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացրել, և երեխաներին հանձնել են անհանգստացած ծնողներին:

 

Դպրոց թմրանյութ տարած աղջկա մայրը և նրա ընկերն անմիջապես ձերբակալվել են: Նրանց ներկայացվել են թմրանյութ պահելու, ինչպես նաև երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գործողություններ կատարելու մեղադրանքներ։