Արամ Մանուկյանին ֆեյսբուքյան «պուճուր-մուճուր, ճիճուական» քննադատությունները չեն հետաքրքրում
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի համար կարևոր չէ, թե «ով է կանգնած Որոտան կասկադի վաճառքի ետևում», նա վաճառքի հարցով հանցագործության մասին հաղորդագրություն է տարածել՝ հաշվի առնելով ՀՀ-ի շահը։
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Facebook սոցիալական ցանցում իր հասցեին հնչած քննադատությունները, թե մինչև Որոտանի վաճառքն էլ շատ կարևոր ռազմավարական օբյեկտներ էին վաճառվել, սակայն ՀԱԿ-ը Որոտանի վաճառքի մասին է հաղորդագրություն ներկայացրել, քանի որ այն ԱՄՆ-ին է վաճառվել, և ոչ թե Ռուսաստանին՝ այդ ձևով Ռուսաստանին սիրաշահելու խնդիր հետապնդելով, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Գազը ու՞մն էր. ինձ «գազի մարդ» անվանումն են տվել, ի՞նչի համար, ռուսներինն էր, ամենաշատն ո՞վ է գազի մասին խոսել, ես եմ, չէ՞, եղել»։
Ըստ նրա՝ գազի պատմությունն էլ ՌԴ-ի հետ էր կապված, և ինքը նաև ՌԴ շահերի դեմ էր խոսում: «Ստացվեց, որ ես ռուսների շահի դեմ եմ խոսել: Սևանի հետ կապված՝ իմ բարձրացրած ամբողջ աղմուկը լսե՞լ եք, ներկա՞ եք եղել, դա ռուսների՞ դեմ էր. սա Հայաստանի համար էր: Ես երբեք որևէ մեկի դեմ չեմ խոսում, ես խոսում եմ միայն Հայաստանի համար»,-ասաց նա՝ շեշտելով, թե նման քննադատություններն իրեն չեն հետաքրքրում:
«Կարևոր չէ՝ իմ դիմաց ով է կանգնած, ես իմ երկրի շահն եմ պահում, և այդ ֆեյսբուքային պուճուր-մուճուր, ճիճուական բաներն ինձ չեն հետաքրքրում: Ով ինչ ասաց, ով ինձ քննադատեց. Արամ Մանուկյանին չեն կարող քննադել որևէ մեկի խնդիրը լուծելու կամ որևէ մեկի դեմ խոսելու համար, ես ունեմ մի շահ՝ իմ երկրի շահը»,-եզրափակեց նա:










