Մոնակոյի իշխանի ապօրինի որդու մասին հոդվածի համար Paris Match-ի տուգանքն անօրինական է ճանաչվել
Ֆրանսիայի իշխանությունները խախտել են կարծիքի ազատ արտահայտման իրավունքը՝ տուգանելով փարիզյան Paris Match շաբաթաթերթի հրատարակչին՝ Մոնակոյի Ալբեր II իշխանի ապօրինի որդու մասին հոդվածի և լուսանկարների հրապարակման համար, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նման վճիռ է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ քննելով Hachette Filipacchi Associs հրատարակչատան և շաբաթաթերթի հրատարակչական բաժնի ղեկավար Ան-Մարի Կուդերի հայցն ընդդեմ Ֆրանսիայի:
2005 թվականի մայիսի 5-ին Ալբեր II-ի երդմնակալության արարողությունից յոթ օր առաջ Paris Match-ը լուսանկարների շարքով սենսացիոն հոդված էր հրապարակել Մոնակոյի իշխանի փոքր որդու մասին, ում մայրը ֆրանսիացի նախկին բորտուղեկցորդուհի Նիկոլ Կոստն է: Գրիմալդի տոհմը, նախապես իմանալով սպասվող հրապարակման մասին, խնդրել է լրագրողներին չհրապարակայնացնել այդ տեղեկությունը, սակայն նրանք չեն համաձայնել:
Իշխանը, ով սկանդալային հոդվածի լույս տեսնելուց երկու օր հետո ճանաչել է որդուն, դատի է տվել հրատարակչին, և դատարանը տուգանել է թերթին 50 հազար եվրոյով՝ իշխանի անձնական կյանք ներխուժելու համար, ինչպես նաև պարտավորեցրել լրագրողներին ամսագրի շապիկին մեծ կարմիր տառերով հրապարակել դատավճիռը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացության է եկել, որ ֆրանսիացի դատավորները դատավճիռն ընդունելիս «չեն զատել հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը և Մոնակոյի իշխանի անձնական կյանքին բացառապես վերաբերող տեղեկությունը»: Արդյունքում՝ դատարանը ճանաչել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Կարծիքի ազատ արտահայտում) խախտում, ընդ որում՝ հայցվորները դրամական փոխհատուցում չեն պահանջել։










