Ովքեր որոշել են Շանթին բանտարկել, իրենք են օրենքից դուրս. քաղաքական մոտիվացիայով գործ է. կարծիքներ (տեսանյութ)

15:19 • 12.06.14

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստին, որն այսօր մեկնարկեց բավական թեժ մթնոլորտում, ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ նիստից հետո եկավ նաև Ազգայի ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի հանրային կարծիքը նրանց ընկալում է որպես քաղաքական բանտարկյալ»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացնելով իր տեսակետը՝ նշեց, որ Շանթ Հարությունյանի գործը քաղաքական մոտիվացիայով գործ է, և դա իշխանությունների կողմից հետապնդում է ազատագրության մարտիկների նկատմամբ:

«Հայաստանում անկախ դատական և քննչական մարմիններ չկան: Օրինակ՝ Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ ինչեր են կատարվում, բայց իրենք ազատության մեջ են: Ես համարում եմ, որ այո՛, նրանք քաղաքական մոտիվներով են գտնվում անազատության մեջ: Հայաստանի հանրային կարծիքը նրանց ընկալում է որպես քաղաքական բանտարկյալ, և ես համամիտ եմ այդ կարծիքի հետ»,-ասաց նա:

Նշենք, որ նշված գործով դատական նիստը վարում է Մնացական Մարտիրոսյանը, ով եղել է նաև «Մարտի մեկի» գործով դատավոր: Շանթ Հարությունյանի և «Մարտի մեկի» գործերի միջև համեմատությունների շուրջ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Մեղադրյալներից առնվազն մեկը մեղադրվում էր և՛ «Մարտի մեկի», և՛ նոյեմբերի հինգի գործով, այնպես որ զարմանալու ոչինչ չկա»:

Նա նաև նկատեց, թե դատավորների անհատականություն գոյություն չունի, և ՀՀ-ում այս պահի դրությամբ մի դատավոր կա. «Դա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ով տարբեր երեսներով տարբեր տեղերում հանդես է գալիս: Դատավորի անհատականությունը չեմ կարևորում, չնայած՝ Մնացական Մարտիրոսյանն իր սերժսարգսյանական կարիերայի ընթացքում հասցրել է բավականին տխուր և խայտառակ հռչակ ձեռք բերել, այնպես որ սա նրա համար հերթական փայլուն հնարավորություն է՝ ևս մեկ քայլով ամրապնդելու խարանը իր և իր սերունդների վրա»:

Իր տեսակետը հայտնեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նույնպես համարելով, որ այդ ամենը քաղաքական գործընթաց է: «Փակ նիստ էր, կիսադատարկ և դատարկ էր դահլիճը, հանրությանը մատչելի չէր, և անհրաժեշտ է, որ այս գործը առնվազն լինի բաց հանրության առջև»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այդ տղաները պայքարում են ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացու իրավունքի համար, և նրանք, ովքեր որոշել են այդ տղաներին բանտարկել, իրենք են օրենքից դուրս: «Փաստորեն Շանթը և իր ընկերները նստում են մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության անունից, դրա համար անհրաժեշտ է, որ դահլիճը փոխվի, բաց լինի հանրության առջև»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ Շանթ Հարությունյանը պայքարել է օրենքով, Սահմանադրությամբ ընձեռված իր բոլոր հնարավորություններով: «Այո, մեզ պետք է հեղափոխություն, այսպես անհնար է, որովհետև արտագաղթը, անարդարությունը, աղքատությունը շարունակվելու է»,-ընդգծեց Ժառանգության առաջնորդը:

Հիշեցնենք, որ դատական նիստից առաջ դատարանի դիմաց հավաքված բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում էին նաև ձերբակալվածների հարազատները, վիճաբանություն էին սկսել ոստիկանների հետ, քանի որ նրանց թույլ չէին տալիս մասնակցել նիստին: Ոստիկանները պատճառաբանում էին, թե դահլիճում տեղ չկա: Մինչ ներսում ընթանում էր նիստը, դրսում այդ քաղաքացիները բողոքի ցույց էին անում:

Դատական նիստից հետո Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը հայտարարեց, թե ոստիկաններն իրավունք չունեին իրենց ներս չթողնել: «Դատի հետաձգումը միտումնավոր է արվում, մեզ համար այդ մի օրն էլ կարևոր է, անիմաստ ձգձգում են: Վերևներից հրահանգ են ստանում և անում»,-ասաց նա:

Վերջինս նաև հայտարարեց, որ իրենք ոչ մի հույս չեն կապում դատարանի հետ, քանի դեռ երկրում ներկա իշխանություններն են:

Հիշեցնենք նաև, որ նշված գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 25-ը, ինչպես դատավորը ներկայացրեց՝ պաշտպանների բացակայության պատճառով: