Շատ հրատապ է և կարևոր, որ լարված իրավիճակը սահմանին լիցքաթափվի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Շատ հրատապ է և կարևոր, որ լարված իրավիճակը սահմանին լիցքաթափվի. Tert.am-ի հետ զրույցում այսօր Ֆրանսիական մանկապարտեզի և տարրական դպրոցի նորակառույց շենքին բացմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ի պատասխան այն հարցի, թե որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ինչո՞ւ է Ֆրանսիական կողմը լուռ մնում սահմանին տիրող լարված իրավիճակի հարցում։
«Շփումները, կարծիքների փոխանակումները պետք է տեղի ունենան բանակցային սեղանի շուրջ, որովհետև այս հակամարտության համար և ցանկացած հակամարտության կարգավորման համար այլընտրանք չկա, բացի խաղաղ, բանակցային ճանապարհով ձեռք բերված կարգավորման տարբերակը»,-ասաց դեսպանը։
Անրի Ռենոն նկատեց, թե այս հարցի վերաբերյալ բավական հստակ դիրքորոշում Ֆրանսիան բազմից է արտահայտել, որը վերահաստատվել է բոլորովին վերջերս Ֆրանսիայի նախագահի պետական այցի ժամանակ։ «Ֆրանսիայի նախագահը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը , պատրաստակամությունը՝ չխնայել ցանացած ջանք ու միջոց, որպեսզի նման խաղաղ բանակցված լուծում գտնվի։ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արտահայտած հիմնական եզրակացությունն էր, թե որքան կարևոր և առաջնային նշանակություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված լուծում գտնելու անհրաժեշտությանը»,-նշեց նա։
Դեսպանը նկատեց, որ սահմանին լարված իրավիճակը «ևս մեկ անգամ հաստատում է ջանքերի կարևորությունը, որոնք գործադրում են Մինսկի խմբի համանախագահները»։
«Սա այն կարևորությունն է, որի վերաբերյալ նաև անցյալ շաբաթ արտահայտվեց ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը Հայաստան կատարած այցի ժամանակ, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցված, խաղաղ ճանապարհով լուծում»,-նշեց նա։










