Իրաքում առևանգված թուրք վարորդներն ազատ են արձակվել, բայց դարձյալ գերեվարվել են այլ խմբավորման կողմից

16:07 • 12.06.14

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներն ազատ են արձակել հունիսի 10-ին առևանգված 28 թուրք վարորդներին։ Սակայն ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց նրանց բռնել են ծայրահեղական այլ խմբավորումներ, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի բեռնափոխադրողների միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի ղեկավար Ֆաթիհ Շեները։

 

Շեների խոսքով՝ փոխադրող ընկերությունն արդեն կապվել է առևանգողների հետ։ «Բանակցություններ են սկսվել փրկագին վճարելու համար։ Դրանք այժմ շարունակվում են»,-ասել է նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

 

Ըստ որոշ տվյալների՝ վարորդների ազատ արձակման դիմաց ծայրահեղականները պահանջում են մի քանի միլիոն դոլար։

 

Հաղորդվում է, որ առևանգված վարորդներից մեկը կարողացել է զանգահարել հարազատներին։ Նա հաղորդել է, որ ծայրահեղականներն իրենց չեն տանջում, և առևանգված վարորդներից ոչ ոք չի տուժել։
 

Զինյալ ծայրահեղական խմբերը գրավել են երկրի հյուսիսի մեծ մասը։