Թուրքիայի Թաքսիմ հրապարակի ակտիվիստների գործը փոխանցվել է դատարան

16:22 • 12.06.14

Թուրքիայում սկսվում է 26 ակտիվիստների դատը, որոնք մասնակցել են Ստամբուլում նախորդ տարվա բողոքի ցույցերին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։


«Թաքսիմ համերաշխություն» շարժման մասնակիցները մեղադրվում են հանցավոր խմբավորման ստեղծման և հասարակական կարգը խախտելու համար։

Դատարանում հայտնվածների թվում կան բժիշկներ, ճարտարապետներ և ինժեներներ։ Նրանց սպառնում է մինչև 29 տարի ազատազրկում։

Նախորդ տարվա ցույցերը սկսվել էին որպես Գեզի պուրակի շինարարության դեմ բողոքի ցույցեր։ Սակայն շուտով ելույթները վերածվել էին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարման ոճի դեմ ազգային արշավի։ Ոստիկանության հետ բախման հետևանքով մահացել է 8 մարդ, վիրավորվել մոտ 8.000-ը։