Ուկրաինան կարող է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանել մինչև տարեվերջ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
Ուկրաինայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հնարավոր է համարում մինչև 2014 թվականի ավարտն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը, գրում է korrespondent.net-ը:
Յան Տոմբինսկին նշել է, որ Եվրահանձնաժողովը դրական գնահատական է տվել վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների պլանի առաջին փուլի իրականացմանը:
Նա նաև ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատում երկրորդ փուլին անցումը, սակայն նշել է, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել:
«Ես կարծում եմ, որ այն պետք է ընդունվի արդեն հիմա: Եթե դա արվի, դա նշանակում է, որ մենք շատ լավ հնարավորություններ և հեռանկարներ կունենանք մինչև այս տարվա վերջ ամբողջությամբ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար»,- ասել է Տոմբինսկին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինան կարող է հաջողություն ակնկալել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման հարցում, եթե հստակ կատարի արված առաջարկությունները, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։










