Ռոբոտներ չեն ղեկին, անհնար է նման պայմաններում խախտում չանել. «Վիտամինի» Գարիկ

22:15 • 12.06.14

«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները ճանապարհային երթևեկությունը վերահսկող արագաչափ սարքերի և տեսախցիկների արձանագրած խախտումների մասին՝ ասելով, որ անհնար է նման պայմաններում խախտումներ չանել:


«Երբ մի պահ կանգնում ես խանութի դիմաց, հետո մի րոպե անց շարունակում ճանապարհդ, դա խախտում է, բայց այդտեղ կանգնելու տեղ չկա, որտե՞ղ իջնի այդ մարդը: Գործոններ կան, որ պետք է հաշվի առնել, նոր միայն դրանք խախտողներին տուգանել: Հիմա այդ խախտումները չանելու պայմաններ չկան, բայց խախտումները տուգանվում են, անհնար է նման պայմաններում խախտումներ չանել»,-ասաց նա և ավելացրեց, որ խամրած նշաններով, երկու օրում ներկերը մաքրվող փողոցներում, իհա´րկե, խախտում անելը շատ հեշտ է:


Գարիկի խոսքով՝ պետք է մի քիչ ըմբռնումով մոտենալ այդ խախտումներին, մարդկային գործոն կա, և ղեկին ռոբոտներ չեն, չեն կարող համակարգչով հաշվարկել, թե որտեղ պետք է կանգ առնել:

 

Անդրադառնալով այդ համակարգի դեմ բողոքող «Դու´րս մեր գրպանից» շարժմանը՝ Գարիկ Պապոյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք կմիանա նրանց, բայց գաղափարին, միանշանակ, կողմ է, քանի որ կարծում է՝ այդ տուգանքները չափից շատ են:

 

«Որպեսզի Երևան քաղաքում լինի ճիշտ և կանոնակարգված երթևեկություն, պետք է չսկսել տուգանքներից, այլ՝ փողոցը որակյալ ներկերով ներկելուց, որպեսզի մարդիկ իրենց գիծը լավ տեսնեն, կարողանան իրենց գիծը պահել: Օրինակ՝ երբ ես վարում եմ մեքենա, և հոծ գիծը չի երևում, որն այնքան անորակ ներկով է ներկված, որ անգամ անձրևից մաքրվում է, շատ հեշտ է խախտում անել, որքան էլ որ արագաչափ կամ տեսախցիկներ լինեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հերթին՝ պետք է ապահովել պայմաններ, որպեսզի խախտում չարվի, հետո նոր տուգանել:


«Դու´րս մեր գրպանից» շարժման մասնակիցների բոլոր կոչերին մեր զրուցակիցը հետևում է և կարծում, որ նրանց պահանջներն արդարացի են: Իսկ տուգանքներն առաջին հերթին՝ պետք է միտված լինեն նորմալ երթևեկություն ապահովելուն, գումար գանձելն էլ պետք է լինի կոնկրետ հետևանք, ոչ թե բյուջե գումար ուղարկելու միջոց:

 

Ինչ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղիներին՝ Գարիկ Պապոյանը հույս հայտնեց, որ գոնե այդ կարմիր գծերը կվերանայվեն: «Փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ իշխանություններն ընդառաջ չեն գնա, բայց որպես մարդ՝ հուսով եմ, որ ընդառաջ կգնան կամ կանեն քայլեր, որ այդ կարմիր գծերն իրոք արդարացնեն իրենց, այսինքն՝ ապահով կլինեն այնտեղ կանգնած մեքենաները և այլն: Իսկ այսօր այդ գծերից ներս կանգնած իմ մեքենան ավելի անվտանգ չէ, քան եղել է նախկինում»,-ասաց նա: