Ոստիկանապետը անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին

19:52 • 12.06.14

Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:


Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշել է, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ հետողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:


Ոստիկանության պետը ներկայացրել է նաև անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:


Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:


Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրել է ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:


Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի՝ Դավիթաշենում կառուցվող նոր մասնաշենք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, շրջել աշխատասենյակներում, ուսումնական ու ցուցադրական սրահներում: