Բրազիլիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. փաստեր ու կանխատեսում

10:59 • 12.06.14

Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկում է հոբելյանական՝ 20-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ինչի առիթով BBC-ն ի մի է բերել այս առաջնությանն առնչվող մի շարք պատմական փաստեր ու վիճակագրություն:

 

Նախկինում Բրազիլիան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն է դարձել 5 անգամ, ինչի համար բրազիլացիներին «պենտակամպեոն» (հնգակի չեմպիոն) են անվանում: 

 

1950-ին Բրազիլիան իր հարկի տակ ընդունել է ֆուտբոլի առաջին հետպատերազմական առաջնությունը: Այն ժամանակ դրամատիկ խաղում Բրազիլիան զիջել է Ուրուգվային՝ 1:2 հաշվով:  Այդ խաղը ռեկորդային այցելություն էր գրանցել. պաշտոնական տվյալով՝ խաղի 173 850 տոմս էր վաճառվել:

 

Այս տարի առաջնությունը կմեկնարկի Բրազիլիա - Խորվաթիա խաղով: Հետաքրքրական է, որ 1998-ին խորվաթներին սկսել էին անվանել «Եվրոպայի բրազիլացիներ». այն ժամանակ խորվաթները հասել էին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին:

 

Առաջնության երկրորդ օրը կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան և Հոլանդիայի հավաքականը:

Այս անգամ խոշորագույն ֆուտբոլային ֆորումի դեբյուտանտը Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականն է: 

 

Աղբյուրը նշում է նաև, որ ֆուտբոլի այս առաջնությունն ընթանում է Բրազիլիայի բնակչության համընդհանուր դժգոհության ու ցույցերի ֆոնին. նրանց կարծիքով՝ չափազանց շատ ծախսեր են արվել առաջնությունն ընդունելու համար։ Պաշտոնապես առաջնության կազմակերպման բյուջեն կազմել է 11 մլրդ ԱՄՆ դոլար:

 

Այս առաջնության համար BBC-ն բնութագրական է համարում այն, որ տարբեր հավաքականների առաջատար ֆուտբոլիստներ (Ռիբերի, Ռոյս, Մոնտոլիվո, Շիրոկով) ստիպված են վնասվածքների պատճառով բաց թողնել առաջնությունը. սա աղբյուրն անվանում է տրավմաների էպիդեմիա:

 

Մի փոքր կանխատեսում անելով՝ աղբյուրը հավանական է համարում Արգենտինայի կամ Բրազիլիայի հաղթանակը: Բանն այն է, որ եվրոպացիները չեն կարողացել հաջողություն գրանցել Հարավային և Հյուսիսային Ամերիկայում անցկացված ֆուտբոլի 7 աշխարհի առաջնություններից և ոչ մեկում: