ՀԱՊԿ-ում հավաքվել են ոչ թե զարգացնելու կոլեկտիվ անվտանգության գաղափարը, այլ ՌԴ-ի հետ համագործակցելու. Թ. Պողոսյան
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների hանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, անդրադառնալով սահմանային «կայուն լարված վիճակին», ինչի մասին հայտարարել էր պաշտպանության նախարարը, նկատեց, որ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, ավելի շատ ձևավորվել է որպես մի կառույց, որտեղ ամեն մի երկիր՝ անհատական մակարդակով, իր հարաբերություններն է կառուցում Ռուսաստանի հետ: Սակայն առանձին-առանձին այդ երկրները իրար հետ կապ չեն պահպանում և չեն կարողանում գիտակցել, որ նույն համաձայնագրի մեջ են:
-ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ հերթական նիստին առաջարկեց լսումներ-քննարկում ՝ Ղազախստանում կատարվածը քննարկել ՀԱՊԿ համաձայնագրի համատեքստում, քննարկել ՀԱՊԿ մեր գործընկերների վարքագիծը: Դուք ևս նման տեսակետ ունե՞ք:
-Այո, իրականության մեջ կա գաղափար, որ եթե դու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խումբ ես, որտեղ երկրները պայմանավորվել են, որ պետք է իրար պաշտպանեն, պաշտպանելու գաղափարն այն է, որ պետք է հարգես քո գործընկերոջ շահը և կարողանաս դրան տեր կանգնել, քանի որ քո շահից է բխում քո գործընկերոջ անվտանգությունը:
-Դուք և՞ս համարում եք, որ ՀԱՊԿ-ն այլևս չի համարվում Հայաստանի անվտանգության երաշխավոր:
-Ես այդպես եմ համարում ու համարում եմ ոչ թե այսօրվանից, այլ վաղուց՝ դեռ փորձագետ ժամանակներից՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը չի ծառայում իր խնդիրներին և չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգության խնդիրը: Փաստորեն, ՀԱՊԿ-ն ավելի շատ ձևավորվել է որպես մի կառույց, որտեղ ավելի շատ ամեն մի երկիր՝ անհատական մակարդակով, իր հարաբերություններն է կառուցում Ռուսաստանի հետ: Բայց առանձին-առանձին իրար հետ կապ չեն պահպանում և չեն կարողանում գիտակցել, որ նույն համաձայնագրի մեջ են: Անցած տարի էլ է եղել նման առիթ, երբ այս նույն հարցը բարձրացրել ենք: Որ պետք է ձևավորվի հավաքական անվտանգության զգացողություն, չի ձևավորվում, մարդիկ հավաքվել են՝ միայն մի շահ ունենալով՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը, բայց ոչ թե իրար հետ զարգացնելու ու իրականացնելու կոլեկտիվ անվտանգության գաղափարը:
-Սեյրան Օհանյանը, պատասխանելով այս հարցադրումներին, որ սահմանում զինվորներ են զոհվում, իսկ այդ հարցը ՀԱՊԿ-ում չի բարձրացվում, ըստ էության նշեց , որ ՀԱՊԿ-ը ավելի գլոբալ խնդիրներ է լուծում։
-Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունակ լինի իրեն պաշտպանելու առանց որևէ մի բանի, մենք պետք է կարողանանք դրան հասնել: Այլ պարագայում՝ Հայաստանի անվտանգությունը ոնց որ թե այսօրվա դրությամբ ՀԱՊԿ-ը չի պաշտպանում, և պետք է հույսը մեզ վրա դնենք: Իսկ վերանայման խնդիրը բարձրաձայնելիս, պետք է հասնենք նրան, որ ձևավորվի դիրքորոշում, որ եթե գործընկերներ ենք, պետք է կարողանանք իրար հանդեպ այդ կոլեկտիվ զգացողությունները ձևավորել: Եթե չի ստացվում ձևավորել, ուրեմն պետք է վերանայենք մեր՝ Հայաստանի մոտեցումները:
-Աշխարհում անվտանգության երկու համակարգ կա, երրորդը գոյություն չունի: Ձեր տեսակետով՝ Հայաստանը որտե՞ղ պետք է լինի, ՆԱՏՕ-ո՞ւմ, թե՞ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ:
-Ես համարում եմ, որ շատ լավ կլիներ, որ Հայաստանը լիներ ՆԱՏՕ-ում, բայց գիտակցում եմ, որ դրա համար երկար ճանապարհ է պետք անցնել, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, որի հետ մինչև հարաբերությունները չբարելավենք, Հայաստանի համար դժվար է լինելու: Իդեալական տարբերակը կլիներ, որ Հայաստանը լիներ ՆԱՏՕ-ի անդամ և անդամ երկրների հետ կարողանար գործընկերություն զարգացնել՝ միասին, հավասար պայմաններում, կոլեկտիվ խնդիրներ լուծելով մի կառույցում, որտեղ իրար դեմ չեն քվեարկում, իրար դեմ չեն արտահայտվում, երբ որ չեն գնում և ասում, որ այլ՝ երրորդ երկրի նախագահների նամակները ավելի կարևոր կարող են լինել, քան թե մեր գործընկեր-անդամ երկրի շահը:
-Վերջերս շատ է խոսվում սպառազինությունների մրցավազքի մասին, որ Ռուսաստանը զինում է տարածաշրջանային, ավելին՝ սառեցված հակամարտություն ունեցող երկու երկրներին՝ Ադրբեջանին ու Հայաստանին:
-Այստեղ երկու տարբեր խնդիրներ են. Ադրբեջանն իր շահերից ելնելով՝ զինվում է, մեր շահերից ելնելով՝ Հայաստանը պետք է կարողանա պատրաստ լինել համարժեք պատասխան տալու: Սա մեր երկուսի շահերի տիրույթում է, հիմա նայենք երրորդ երկրների շահերի տեսանկյունից՝ ո՞ւմ շահերից է բխում բոլորի վրա զենք վաճառելը: Ռուսաստանի շահերից է բխում Ադրբեջանի հետ իր հարաբերությունները ձևավորելը, և Լավրովն արդեն ասում է, որ իրենք համարում են, որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է: Հիմա մենք պետք է պահանջներ դնենք, որ ո՞նց է ստացվում, որ ստրատեգիական գործընկերը մեր տարածաշրջանում ոչ թե Հայաստանն է, այլ՝ Ադրբեջանը, և սրանից ելնելով՝ պետք է արձանագրենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի իր շահերը: Իսկ մենք պետք է պատրաստ լինենք մեր շահերով առաջնորդվել և մեր խնդիրները լուծել:
-ԵԱՀԿ ձևաչափի անարդյունավետության մասին էլ է արդեն փորձագիտական շրջանակներում խոսվում, որպես կառույցի, որտեղ մի համանախագահող երկիրը՝ Ռուսաստանը կողմնակալ է, քանի որ զենք է վաճառում…
-Եթե այդպես նայենք, ապա մյուս կողմն էլ կարող է ասել՝ ԱՄՆ-ն էլ իր շահերը ունի, ներդրումներ է անում այնտեղ, Ֆրանսիան կամ Եվրամիությունը ունեն իրենց խնդիրները: Բայց ուզում եմ նշել, որ միջնորդների խնդիրն այն չէ, որ իրենք անաչառ լինեն, մենք դատավոր չենք ընտրել, այլ միջնորդների խնդիրն է լինել վստահելի: Այնպես որ, ինձ թվում է, մենք պետք է այդ ինստիտուտի հանդեպ ձևավորենք մեր ճիշտ ընկալումը և ոչ թե նեղվենք նրանից, որ որևէ մեկը, մեր պատկերացման մեջ այլ մոտեցում է ցուցաբերել: Մեզ թվացել է, որ Ռուսաստանը չի կարող առանձին գործողություն անել իր շահերից ելնելով, կամ ԱՄՆ-ն՝ իր, Ֆրանսիան՝ իր: Հարցն այն է, թե իր գործողություններով իր վստահությունը կպահպանի՞ մեր մոտ, թե ոչ: Այնպես որ, այսօրվա դրությամբ աշխարհի երեք հզոր երկրները, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, զբաղվում են միջնորդությամբ, և կրկնում եմ, պետք չէ նեղվել, երբ մի այլ երկիր իր շահն է առաջ տանում: Մենք պետք է սա ընդունենք, հասկանանք և սովորենք՝ առաջնորդվել միմիայն մեր շահերով:










