Մոլորակային խաղաղությունը դադարեցվում է, հիմա պետք է այնպես անենք, որ քիչ կորուստներ ունենանք. Աշոտ Մանուչարյան

12:06 • 13.06.14

Համաշխարհային զարգացումներն իրենց տրամաբանության մեջ շարունակվում են, Ուկրաինան մեծ արագությամբ շարժվում է դեպի քաոս, և առաջիկայում ի հայտ են գալու նորանոր քաոսներ: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը. «Մոլորակային խաղաղությունը դադարեցվում է, և հիմա մենք պետք է հասկանանք, որ ճիշտը տեղում կազմակերպվելն է: Հիմա պետք է հասկանանք, թե ինչ անենք, որ քիչ կորուստներ ունենանք: Եթե ուրիշ կյանք ենք ուզում, պետք է կազմակերպվենք»:


Նրա ներկայացմամբ՝ Հայաստանն այսօր համամոլորակային գաղութի 285-րդ խուցն է և ապրում է խուցի պայմաններում, սակայն ինքնակազմակերպվելու համար պետք է լինել Հայք: «Իսկ քաոսի համար մենք ունենք կողոպտող իշխանություն, կողոպուտի ձգտող ընդդիմություն, դրան ավելանում է արտաքին գործոնը»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել:


Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ աշխարհակարգի վերանայման կողմ, ԱՄՆ-ն՝ պահպանման համակարգի կողմ, և ինչպես բանախոսը նկատեց, Ղարաբաղի կոնֆլիկտի պատրվակով ռուսական միավորումները պետք է մտնեն կովկասյան կոմունիկացիոն միջանցքով, ինչը նշանակում է, որ Կասպից ծովի էներգետիկ հատվածն անջատվում է Արևմուտքից:


Սկսված երկրորդ գործողությունը նա անվանեց հիմարացնել Ռուսաստանին: «Նախորդ հիմարացնենք Ռուսաստանին խաղը սկսվեց Թուրքիայում: Ռուսաստանն ուշքի եկավ, երբ պարզեց, որ Սիրիայում Թուրքիային պահելն էլի պրոամերիկյան է: Բայց ես հույս ունեմ, որ Ռուսաստանն այդ հիմարը չէ, իրեն էս վերջերս պահում է որպես Ամերիկա, իսկ տակից անում է շատ կոշտ քայլեր, հիմա ԱՄՆ-ն հասկանալով սա՝ պետք է պատրաստի հակառակ քայլ: Այստեղ շատ կարևոր հանգրվան է դառնում Նախիջևանը, որտեղ ներգրավվելով հարևան երկրներին՝ կարելի է քաոս առաջացնել Հայաստանում»,- ասաց նա:


Վերջինս նաև շեշտեց, որ այդ համատեքստում Նախիջևանը շատ հանգուցային կետ է: