Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Ավակովը փորձել է պայմանավորվել իրենց հետ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը փորձել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների հետ համաձայնության գալ՝ երկուստեք հրադադարի շուրջ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով այդ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի հայտարարությունը:
«Մենք համաձայնել էինք հրադադարին և համաձայնեցրել էինք այդ հարցը: Հաջորդ փուլը պետք է լիներ Սլավյանսկ քաղաքում հումանիտար միջանցքի բացումը: Հետո նա ինձ SMS է ուղարկել՝ այն մասին, որ կրակը դադարեցնելու հրահանգը ստացված է: Սակայն հաջորդ իսկ գիշերը Սլավյանսկ քաղաքն ինտենսիվ գնդակոծության է ենթարկվել՝ ծանր հրազենից: Հումանիտար միջանցքն այդպես էլ չի բացվել մեզ համար: Ազգային գվարդիան կրակ է բացել դուրս եկող խաղաղ բնակիների ավտոբուսների վրա», - պատմել է Պուշիլինը:
Դոնեցկի ինքնահռչակ ղեկավարն ասել է նաև, որ այժմ արդեն իմաստ չի տեսնում շարունակել խաղաղ բանակցությունները, քանի որ ուկրաինական կողմն իր պարտավորությունները չի կատարել։










