Դոնբասի զինյալները ծանր տեխնիկա են ստացել (տեսանյութ)
Ուկրաինայի հարավ-արևելքում տանկեր են հայտնվել։ Աշխարհազորայինները պաշտոնապես հայտարարել են 3 միավոր ծանր տեխնիկա ունենալու մասին, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Երեկ երեկոյան ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ 3 տանկ է ստացել։
«Մենք հաստատում ենք, որ տանկեր ենք ստացել։ Դրանք ուղարկվելու են ավելի բարդ ուղղություններով»,-հաղորդել են շտաբի ներկայացուցիչները։
Որոշ տվյալներով՝ այժմ տանկերից մեկը մարտի է մեկնել Դոնեցկի մարզի Սաուր Մոգիլայի շրջանում։ Թե որտեղից են հայտնվել տանկերը, զինյալները չեն տեղեկացնում։
Օրվա ընթացքում ականատեսները հաղորդել էին, որ Դոնբասի փողոցներում ծանր զրահատեխնիկա կա։
Հաղորդվել է, որ դրանք Т-70 կամ Т-72 տանկեր են։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր հերթին հայտարարել է Ռուսաստանից ռազմական շարասյան Ուկրաինա մուտք գործելու մասին՝ գրավված անցակետերի միջոցով։
«Հետախուզության և դիտորդների տվյալներով՝ վերջին երեք օրերին, չնայած Ռուսաստանի հայտարարություններին այն մասին, թե ողջունում են խաղաղ գործընթացը, տեղեկություններ կան, որ ահաբեկիչների կողմից գրավված անցակետերով շարասյուներ են ներթափանցում»,- հայտարարել է նախարարը։










