Քաղաքապետարանն այնպես է էտել թթենին, որ դրանից մնացել է միայն բունը. քաղաքացին պնդում է, քաղաքապետարանը՝ հերքում
Tert.am –ի խմբագրություն էր զանգահարել Երևանի Պուշկին փողոցի բնակիչ Գայանե Աբրահամյանը, ով վրդովված պատմեց, որ գարնանը քաղաքապետարանն այնպես է էտել իրենց բակի թթենին, որ այն բառի բուն իմաստով՝ զրկված է ճյուղերից ու, բնականաբար, թթից:
Նման էտում կատարվել է նաև Շիրազի 14 հասցեում: Հիշեցնենք, որ բնապահպանները բազմիցս ահազանգել են խորը էտման վնասների ու այն մասին, որ այդ աշխատանքը կատարվում է բուսաբանությունից բացարձակապես անտեղյակ անձանց կողմից:
Tert.am –ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ի պատասխան հարցի, թե ինչու՞ են նման խորը էտումներ կատարվել, հայտարարեց.«Էտի հետ կապված՝ գոյություն ունեն բնապահպանական նորմեր, և մենք դրանցով ենք առաջնորդվում, իսկ ինչ վերաբերում է նրան, որ «խորն են էտում», ո՛չ ես եմ բնապահպան, ո՛չ Դուք, ու որպեսզի պարզ լինի՝ խո՞րն է, թե՞ ոչ, խորհուրդ կտամ դիմել բնապահպաններին»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում («ՉԻ» ) և սոցիալական ցանցերով ակտիվ քննարկվում էր, որ արագաչափերի տեղադրման համար զանգվածաբար կտրվում են ծառի ճյուղեր, անգամ՝ ամբողջական ծառեր:
Արթուր Գևորգյանը հերքեց, որ արագաչափերի տեղադրման հետևանքով որևէ ծառ է կտրվել և ասաց, որ ճյուղեր կտրվել են:
«Թեկուզ այն պատճառով, որ որևէ մեկը որևէ ծառ կտրելու իրավունք չունի, քանի որ դրա համար պետք է մասնագիտական եզրակացություն, որը տրվում է բնապահպանների կողմից՝ ծառը հատելու համար, եթե կա վտանգ: Վթարավտանգ իրավիճակ կարող է լինել»,- ասաց Արթուր Գևորգյանը՝ օրինակ բերելով «Այրարատ» կինոթատրոնի մոտ վերջերս շուռ եկած ծառը, որն ունեցել էր կտրվելու մասին մասնագիտական եզրակացություն, սակայն բնապահպանները քաղաքապետարանի աշխատակիցներին արգելել էին այն կտրել:
«Ծառը մի քանի օր առաջ ուղղակի շուռ եկավ, բարեբախտաբար՝ տուժածներ չկան, որովհետև գիշերային ժամ էր եղել»,-ավելացրեց Արթուր Գևորգյանը:










