Որևէ մեկից որևէ մի քմ հողատարածք չենք զավթել. ՕԵԿ պատգամավոր
ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ ագրարային համալսարանի և ՕԵԿ միջև առաջացած տարածքային վեճին և հայտարարեց, թե դա ապատեղեկատվություն է.
«Ընդամենը պետք է ասեմ՝ ունենք տարածք, ունեցել ենք դահլիճ, և դեռ 2008 -ից համապատասխան փաստաթղթերը մենք ունենք, լրագրողները ներկա գտնվեցին այդ դահլիճում, որտեղ կոալիցիայից դուրս գալիս մենք մամուլի ասուլիսով հանդես եկանք: Մեկ գրում են՝ ութ հարկանի շենք, մեկ՝ հեռուստատեսություն, սա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա:
Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ ավելի քան ութ տարի այդ դահլիճն իրենք են շահագործել։ «Հիմա առաջացել է վերանորոգման խնդիր, և մենք ընդամենը վերանորոգում են շենքը՝ ունենալով բոլոր փաստաթղթերը, այլ խնդիր է, որ վերջերս ինչ- ինչ պատճառներով 18 հազար քմ տարածքի հետ նաև նրանց տնօրինությանը լրացուցիչ հատկացվել է 256 հազար քմ»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է վեճի առաջացման պատճառը ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դաշտ մուտքով է պայմանավորված, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա: Ընդամենը մի բան ասեմ՝ այս պահի դրությամբ, գործընթացը ցույց կտա, բայց պարզից էլ պարզ է՝ ութ տարի օգտագործել ենք այդ տարածքը, որևէ մեկից որևէ մի քմ հողատարածք չենք զավթել, որևէ մեկին էլ թույլ չենք տա մեզնից զավթել: Օգտագործել ենք մեզ օրենքով, սեփականության իրավունքով տրված տարածք»։










