Մեղավորը հայկական կողմն է. կարծիքներ՝ Կիսելյովի հայտարարության մասին

14:36 • 13.06.14

«Օրինաց երկիր» կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ անընդունելի է համարում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը, թե որքան Հայաստանում նվազի ռուսաց լեզվի կիրառությունը, այդքան դա ազդում է Հայաստանի անվտանգության վրա։
 

«Ի՞նչ է նշանակում ԱԺ կին փոխնախագահը իջնում է մուտքի մոտ և ինչ-որ մի մարդու դիմավորում»,- ասաց նա և ավելացրեց. «Որևէ մեկն իրավունք չունի գալ մեր երկրում մատ թափ տալ մեզ վրա և հեռանալ: Ցանկացած մարդ, ով հյուրընկալվում է մեր երկրում, պետք է պահի իրեն իրավիճակին ադեկվատ»:


Խոսքին հակադարձեց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ ասելով, թե Հերմինե Նաղդալյանը օջախի կին է, նորմալ է, որ իջել է: Վերջինիս կարծիքով՝ Կիսելյովն անհաջող ելույթ ունեցավ, ստացվեց, որ դա ավելի շատ մասնավոր այց էր:


«Խնդիրն այստեղ կազմակերպիչների մեջ եմ տեսնում, իրենց ընդունելությամբ այնպես են իրենց պահել, որ թույլ են տվել Կիսելյովն իրեն այստեղ զգա այդպես: Կիսելյովի արտահայտություններն այնպիսին էին, ինչպիսին ինք կաներ Ուկրաինայում կամ Կրասնոդարի երկրամասում»,-ասաց նա:


Վերջինիս համոզմամբ՝ եթե այնտեղ լիներ ՌԴ դեսպանության ներկայացուցիչ, ես դա կհամարեի պետական մոտեցում: «Ես անձամբ «Պուտին» ակումբի բացումից հետո այդ նույն մարդկանց սկսել եմ վերաբերվել անլուրջ, և նման բաները չեմ մեկնաբանում, հիմա, երևի թե, Կիսելյովի նկատմամբ քծնանքի դոզան ավելի շատ է եղել: Հաստատ Կիսելյովը չի պահանջել, որ այդ «Խամերը» գա և կանգնի ԱԺ մուտքի առջև»,- ասաց նա:


Ասուլիսի մյուս բանախոս, Քաղաքագիտական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ մեծ հաշվով համաձայն է, որ ընդունող կողմն է մեղավոր, բայց պետք էր Կիսելյովին կարգի հրավիրել:


«Լիովին մեղքն ընկում է հրավիրողների վրա, և հույս ունեմ, որ նման բան չի կրկնվի»,-ասաց նա: