ԱԺ «գազային» հանձնաժողովը երկուշաբթի կայանալիք նիստում վերջնական տեսքի կբերի իր միջանկյալ զեկույցը

21:09 • 13.06.14

Երկուշաբթի Ազգային ժողովի «գազային» հանձնաժողովը նիստ կգումարի և վերջնական տեսքի կբերի հունիսի 18 –ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացվելիք միջանկյալ զեկույցի տեքստը:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:


Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ այդ միջանկյալ զեկույցում քննարկվում է 4 հիմնական հարց. սպառողների շահերին առնչվող խնդիրներ՝ կապված գազի ներտնային սպասարկման ու հաշվիչների ստուգաչափման հետ, «Գազպրոմ»-ի նկատմամբ կուտակված մոտ 300 մլն. պարտքին վերաբերող հարցը, Հայաստանի՝ տարանցիկ երկիր լինելու պարագայում այլընտրանքային ուղիներին վերաբերող հարցը, և ամենածավալուն խնդիրը՝ գազի սակագնի ձևավորման հարցը և դրա ազդեցությունը էլեկտրաէներգիայի վրա:


Միքայել Մելքումյանը հայտնեց, որ այս նիստում կորոշվի նաև զեկույցի ներկայացման իրենց աշխատակարգը: Մասնավորապես՝ եթե լինեն տարաձայնություններ, թե զեկույցը բոլոր անդամների կողմից ստորագրվելուց հետո՞ է ներկայացվելու ԱԺ, թե՞ կից ներկայացվելու են նաև առարկությունները:


«Այդ բոլոր հարցերին երկուշաբթի կանդրադառնանք»,-ավելացրեց Միքայել Մելքումյանը: