Օշականցի Գևորիկի և երրորդմասցի Լյովիկի միջև առանձնապես բան չի եղել. քրեագետ
Քրեագետ Սերգեյ Գալոյանը համոզված է, որ վերջին շրջանում հայերի հետ կապված քրեական աշխարհում որևէ արտակարգ բան չի կատարվել, որն արժանի լիներ ուշադրության:
«Վերջին իրադարձությունը գողական աշխարհի ներկայացուցիչներ Օշականցի Գևորիկի և երրորդմասցի Լյովիկի դեպքն է, որը պետք չէ այդքան լարել, առանձնապես բան չի եղել: Սրանց մեջ վեճ է եղել, հարթվել է, կիսելու բան չի եղել, ընդամենը սրանցից մեկը հարբած է եղել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Քրեագետը նաև հայտարարեց, թե Հայաստանում կրիմինալ որևէ հեղինակություն չկա, Հայաստանը շատ փոքր երկիր է, և կրիմինալն այստեղ այլևս գործ չունի: Կրիմինալ աշխարհում մարդիկ մեծ գործերի են գնում, իսկ ինչ եղավ Վերնիսաժում, լակոտական, խուժանական բաներ էին: «Օրենքով գողերն ընդամենը գալիս ու գնում են Հայաստան»,-ասաց նա:










