Հրվ. Կորեայում «Սևոլ» նավի կործանման գործով 7 նախարար է պաշտոնանկ արվել

10:00 • 13.06.14

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն պաշտոնանկ է արել կառավարության 7 նախարարի, ինչը կապված է ընթացիկ տարվա ապրիլին «Սևոլ» նավի կործանման դեպքի հետ։

 

Ինչպես նշում է Газета-ն, այսպիսով՝ երկրի ղեկավարը փորձում է վերականգնել ժողովրդի կորսված վստահությունը կառավարության աշխատանքի նկատմամբ։ «Ռենհապ» լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ պաշտոնից հեռացվել են աշխատանքի և զբաղվածության, մշակույթի, գիտության, կրթության, անվտանգության, հանրային վարչակազմի ու գենդերային հավասարության հարցերով նախարարները։ Բացի այդ, Պակ Կըն Հեն տնտնեսկան հարցերով նոր փոխվարչապետ է նշանակել։

 

Հիշեցնենք, որ «Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին՝ Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափերի մոտ։ 476 ուղևորներից և անձնակազմի անդամներից 339-ը երեխաներ էին և ուսուցիչներ՝ միևնույն դպրոցից։ Փրկել հաջողվել է միայն 172 մարդու։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նավի կապիտան 68-ամյա Լի Ջունսոկը և նրա 3 ավագ օգնականները մեղադրվում են սպանության համար, որի համար նրանց մահապատիժ է սպառնում։ Ծանրացնող հանգամանք է հանդիսանում փաստը, որ կապիտանը լքել է խորտակվող նավը՝ դրա շրջվելուց մի քանի րոպե անց։