ԵՄ-ն Ուկրաինային 250 մլն եվրոյի անվերադարձ օգնություն է տրամադրել

14:07 • 13.06.14

Եվրամիությունն Ուկրաինային 250 միլիոն եվրոյի անվերադարձ օգնություն է տրամադրել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությանը:

 

«Այս վճարումը հիմնված է հավատի վրա, որ Ուկրաինան ուժեղ ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին է։ Դա պահանջում է կառավարության ամբողջական նվիրվածություն բարեփոխումների գործընթացին, և վերաբերում է, օրինակ, պետական ծառայության բարեփոխմանը, մրցակցային պետական գնումներին և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին:

 

ԵՄ ներկայացուցչությունում ընդգծել են, որ առաջին խոշոր տրանշը վճարվում է չորս ընդհանուր պայմանները կատարելուց հետո (պետական քաղաքականություն, մակրոտնտեսական կայունություն, պետական ֆինանսների կառավարում և բյուջեի թափանցիկություն):

 

Երկրորդ տրանշը, որը սպասվում է 2015 թվականի երկրորդ եռամսյակում 105 միլիոն եվրո արժողությամբ, կախված կլինի կոռուպցիայի դեմ պայքարի, պետական գնումների, տեղեկատվության մատչելիության, պետական ֆինանսների կառավարման, պետական ծառայության բարեփոխման, սահմանադրական բարեփոխման և ընտրական օրենսդրության ոլորտներում ձեռքբերումներից:

 

Պետության զարգացման գծով պայմանագիրն Ուկրաինային 11 միլիարդ եվրո արժողությամբ աջակցության փաթեթի հիմնական բաղադրիչներից մեկն է: Այդ փաթեթի մեջ է մտնում նաև 1,6 միլիարդ եվրոյի փոխառությունը, որը տրամադրվել է Ուկրաինային մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: