Ուկրաինայի արևելքում տանկերը սրում են կոնֆլիկտը և հարված հասցնում բանակցություններին. New York Times
Ուկրաինայի արևելքում տանկերի հայտնվելը կարող է նշանակել կոնֆլիկտի զգալի սրում, գրում է հեղինակավոր New York Times թերթը, որի հոդվածը փոխանցում է korrespondent.net-ը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանից զրահամեքենաների շարասյունը հատել է Արևելյան Ուկրաինայի սահմանը և կռվել ուկրաինական զորքերի դեմ օրվա ընթացքում: Ռուսաստանը չի պատասխանել նախարարի մեղադրանքներին, չի եղել նաև ներխուժման տեղեկության հաստատում անկախ երրորդ կողմից, գրում է The New York Times-ը:
«Եթե դա այդպես է, ապա դա կնշանակի թեժ կոնֆլիկտի զգալի սրում Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսամետ անջատողականները գրավել են մի շարք քաղաքների կառավարական շենքերը և դիմադրում են վերահսկողությունը վերականգնելու նպատակով ուղարկված կառավարական զորքերին»,- նշում է թերթը:
Հինգշաբթի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, գրում է թերթը, սակայն ինքնին տանկերի հայտնվելը, անգամ առանց սահմանը դրանց հատելու մասին ապացույցների, կարող է նշանակել, որ դրանք հարված են հասցրել հետագա բանակցություններին։










