Ուկրաինացի ուժայինները խոստանում են մինչ վաղը փակել ՌԴ-ի հետ սահմանի «բոլոր անցքերը»
Ուկրաինայի արևելյան պետական սահմանը պետք է փակվի մինչ վաղը երկրի Զինված ուժերի և Ազգային գվարդիայի կողմից, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հայտնում է РИА Новости-ն։
Ուկրաինական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին՝ գրոհայիններ ուղարկելու համար, սակայն Մոսկվայում այդ լուրերը հերքում են։ Ուկրաինայի նախարարների կաբինետը սահմանի անհանգիստ իրավիճակի կապակցությամբ որոշել է ժամանակավորապես փակել 8 սահմանային անցակետ, որոնց մի մասը վերահսկում են անջատողականները։
«Պետական սահմանի հարցի վերաբերյալ պետք է նշեմ, որ այս գիշեր Ազգային գվարդիայի աջակցությամբ Զինված ուժերը երթ են իրականացրել հարավից հյուսիս, ինչպես նաև՝ հյուսիսից հարավ, որպեսզի փակեն սահմանի այն հատվածը, որը, ցավոք, չի փակվել ահաբեկիչների զանգվածային հարձակումներից հետո»,- ասել է Գերաշչենկոն։
Նախարարի խորհրդականը նշել է, որ «այդ մարտերի ընթացքում գրոհայիններն էական կորուստներ են ունեցել»։ «Եվ ես կարծում եմ, որ մինչ վաղը պետական սահմանն ամբողջությամբ կփակվի»։










