Քառյակի որևէ կետ անպատասխան չի մնա. Վահրամ Բաղդասարյան

15:00 • 13.06.14

ԱԺ-ում այսօր՝ ճեպազրույցների ժամին, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան այն հարցի, թե մեծամասնությունը պատրաստվո՞ւմ է մինչև սեպտեմբերի 30-ը կատարել քառյակի 12 պահանջները, ասաց, որ որևէ կետ անպատասխան չի մնա։


Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այս հարցում արդեն «Հանրապետական» խմբակցության ղեկավարը նշեց, որ կողմնակից չի, որ ժամկետներ են դրվում։


«Մենք կետերը կդարձնենք քննության առարկա և կնշենք, թե որոնք են ընդունելի, դա չի նշանակում, որ այն, ինչ ներկայացված է ընդդիմության կողմից, դրանք պետք է իրականացվեն, կլինեն նաև մեր առաջարկությունները, ինչպես գիտեք, շրջանառության հարկի հետ կապված մեր առաջարկն արել ենք»,- ասաց նա։


Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է գնալ 100% համամասնական ընտրակարգի և ընտրություններից հետո հրապարակել քվեարկության մասնակցածների ցուցակները, քանի որ կոնկրետ քառյակից ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշել էր, որ այդ կետերը չեն իրականացվի, Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ քննարկելու են նաև 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցը սահմանադրական բարեփոխումների հետ համատեղ:


«Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջ չընկնելով նշեմ, որ համամասնական ընտրակարգն էլ է քննարկվելու, ցուցակները փակցնելու հարցը ևս քննարկվելու է»,- նշեց նա:


Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ապա պատգամավորը նկատեց, որ պետք է աշխատեն, որ պաշտպանեն սպառողներին, բայց նաև պետք է ելնեն նրանից, թե արդյո՞ք կան այդ հնարավորությունները: