Արդարադատության նախարարը փաստաբանների հետ քննարկել է մասնագիտական հարցեր

18:49 • 14.06.14

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն այսօր Էրեբունի Պլազայում հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանի, Կարեն Մեժլումյանի, Սիմոն Բաբայանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նելլի Հարությունյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Գևորգ Գյոզալյանի, Ռուբեն Հակոբյանի, Մարտուն Փանոսյանի և Կարապետ Աղաջանյանի հետ։

 


Ինչպես հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից՝ նախարարը Խորհրդի անդամների հետ քննարկել է փաստաբանությանը վերաբերող խնդիրները: Խորհրդի անդամները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների, փաստաբանական դպրոցի ծրագրերի հետ կապված հարցերը, վարչական տուգանքները՝ առանց դատական ակտի, գանձելու սահմանադրականության և հարկադիր կատարման կարգով գանձման գործողությունների իրավաչափության, արդարադատության խորհրդի հայեցողական լիազորությունների և թափանցիկության, ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից համակենտրոնացման ռեժիմը ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելու իրավաչափության , խափանման միջոց կալանքի և կալանավորվածներին պահելու հետ կապված, քրեակատարողական տարածք ոչ աշխատանքային ժամերին և օրերին փաստաբանների մուտք գործելու սահմանափակումների հարցերը։

 

ՀՀ արդարադատության նախարարը, կարևորելով առողջ քննարկման ճանապարհով խնդիրներ լուծելու գործելաոճը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ պայմանավորվել է առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ՀՀ փաստաբանների պալատում և մանրամասնորեն անդրադառնալ այդ խնդիրներին: