Կարևորը ո´չ թե քառյակի ներկայացրած 12 կետն է, այլ՝ համատեղ քաղաքական ակցիան. Արամ Մանուկյան

22:16 • 14.06.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջներին, խորհուրդ տվեց ո´չ թե մտնել ներկայացված պահանջների բովանդակության մեջ, այլ՝ դիտարկել դրանք որպես քաղաքական ակցիա։

«Դուք սրան մի նայեք՝ որպես 12 կետից բաղկացած հայտարարություն, սա քաղաքական ակցիա է, չորս քաղաքական ուժ ստորագրել է նույն թղթի տակ, այսինքն` սա որպես երևույթ ավելի կարևոր է, քան որպես տարրեր, որոնք, իհարկե, նույնպես կարևոր են, բայց դուք հաճախ մտնում եք տարրերի մեջ: Ինձ համար կարևոր է մեր, «Ժառանգության», «Դաշնակցության» ու «Բարգավաճ Հայաստանի» համատեղ  ակցիան, որն ավելի շատ քաղաքական է և հասարակությանն ավելի շատ հույս բերող, քան՝ այն կետերը, որոնց մասին մենք խոսում ենք»,-նշեց նա։



-Պարո´ն Մանուկյան, փաստորեն իշխանություններն ասացին, որ հենց այսպիսի ընդդիմություն էլ ուզում էին, ստացվում է` համընկնո՞ւմ են ընդդիմության ու իշխանության պատկերացումներն այս մասով:

-Իրենք, իմիջիայլոց, մի քիչ ժուլիկացել են, խոսքերի մեջ դարձել են զգուշավոր: Հնարք է սովորական, որ կիրառում են, որովհետև այս կետերն ուղղակի կոնկրետ առաջարկ են, որոնք կա´մ պիտի կատարվեն, կա´մ էլ՝ չկատարվեն: Թող կատարվեն, ես կասեմ` մալադեց, բայց եթե չեն կատարվի, կասեմ այն, ինչ հետո ասելու եմ:


-Բայց փաստորեն ասում են` եկե´ք, միասին կատարենք:


-Թող կատարեն, մենք օգնելու բան չունենք:

-Այսինքն` միայն առաջարկո՞ւմ եք, չե՞ք ուզում իշխանությունների հետ միասին իրագործել այդ կետերի պահանջները:

-Մենք վաղուց ենք ասել` ո´չ պաշտոն ենք ուզում, ո´չ լծակ ենք ուզում, որևէ բան չենք ուզում: Մենք չենք ուզում իրենց հետ համագործակցել: Մենք ունենք մեկ խնդիր` Սերժ Սարգսյանի իշխանափոխություն, նոր ընտրություն, արդար ընտրություն, որի արդյունքում երկրի վիճակը կուղղվի, իրենց առաջարկները մեր կողմից մերժված են բազմիցս:


-Այդ դեպքում ինչո՞ւ եք պահանջներ ներկայացնում:

-Շատ լավ, այդ կետերը հասարակությանը հուզող բոլոր կետերն են, նաև՝ քառյակի քննարկումների արդյունքում և մեր կոմպրոմիսների արդյունքում են, և եթե իշխանությունը կարողանա այս բոլոր խնդիրները լուծել, մեր երկրի վիճակը կդզվի, թող փորձի դզի, շանս ենք տալիս իրենց, նաև՝ մեր գործընկերների առաջարկով: Կգա աշունը, ճտերը կհաշվենք:

-Պարո´ն Մանուկյան, ավելին, իշխանության ներկայացուցիչները նույնիսկ նշել էին, թե բավական կարևոր հարցեր կան, որոնք բաց են թողնված։ Նաև «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ավելորդ էր գտել տրանսպորտի սակագնի հարցը 12 կետերում ներառելը, քանի որ գրել էր, թե «տրանսպորտի ուղեվարձի գծով իսկի մի փոքր քամի էլ չկա քաղաքապետարանում՝ խնդիրը «գլուխոյ» թաղվել է»։


-Թող գնա, մեղադրի իր կուսակցությանը, ինձ ի՞նչի համար է մեղադրում, թող գնա, այդ հարցը բարձրացնի իր կուսակցությունում: Մենք ցանկացած առաջարկ քննարկում ենք մեր կուսակցություններում, համաձայնություն ստանում, գալիս այստեղ: Եթե կա նման խնդիր, որևէ դժվարություն չկա, ինքն իր կուսակցությանը թող դիմի: Դուք հաճախ մտնում եք կետերի բովանդակության մեջ, սրանք ավելի շատ, ըստ իս, քաղաքական պահանջներ են, սա քաղաքական 4 խմբի համատեղ կոմպրոմիսի արդյունքում ծնված հայտարարություն է: Դուք սրան մի նայեք որպես 12 կետից բաղկացած հայտարարություն, սա քաղաքական ակցիա է, չորս քաղաքական ուժ ստորագրել է նույն թղթի տակ, այսինքն` սա որպես երևույթ ավելի կարևոր է, քան՝ որպես էլեմենտներ, որոնք, իհարկե, նույնպես կարևոր են, բայց դուք հաճախ մտնում եք էլեմենտների մեջ: Ինձ համար կարևոր է մեր, «Ժառանգության», «Դաշնակցության» ու «Բարգավաճ Հայաստանի» համատեղ արվող ակցիան, որն ավելի շատ քաղաքական է և հասարակությանն ավելի շատ հույս բերող է, քան այն կետերը, որոնց մասին մենք խոսում ենք:

-Իսկ միգուցե դա հեռահար նպատա՞կ ունի, քանի որ Դուք եք նշում, որ մինչև սեպտեմբերի 30-ը այդ կետերը իրագործելը դժվար է։

-Դու քեզ հակասեցիր, բա այդ դեպքում Կառավարությունը ո՞նց է դա համարում առողջ, լավ, ասում են` մեր ծրագրում էլ կան այդ կետերը:

-Դե՝ Կառավարությունը համագործակցության միջոցով է իրատեսական համարում, այսպես ասած՝ աջ և ձախ ձեռքերի օգնությամբ, բայց ընդդիմությունն այսպիսի անհնարին առաջարկներ դնելով՝ չի՞ գիտակցում, որ դրանք իրագործելը շատ քիչ հնարավոր է:

-Բացատրեմ: Շատ դժվար կետեր են կատարելու համար, բայց անհնար չեն. եթե իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, կոռուպցիան, մենաշնորհները, այլանդակությունը, գողերը, չհարկված հարկերը բերի օրինական դաշտ, կարող է լուծել, բայց ինքը կարո՞ղ է դա անել. չի´ կարող: Այսինքն` խնդրի լուծումը քաղաքական է, քաղաքական կամք պետք է լինի լուծելու համար, քաղաքական կամքը չկա, բնականաբար՝ չեն կարող անել: Եթե Հովիկ Աբրահամյանն այնքան համարձակ տղա դառնա, այնքան ուժեղ տղա, որ Սերժ Սարգսյանին ձեռնոց նետի ու հաղթի, այս ծրագիրը կարող է իրականանալ: Թող գնան, որոշեն: Սերժ Սարգսյանը թույլատրում է ՀՆԱ-ի կիսով չափ ստվեր, նա թույլատրում է օլիգարխներին, ովքեր հարկային դաշտում գոյություն չունեն, թույլատրում է հանցագործ, վարկաբեկված մարդկանց գոյությունը Կառավարությունում, չէ՞: Սա ազդում է մեր տնտեսության վրա, փող չի հավաքվում, տնտեսությունը չի զարգանում, մարդիկ արտագաղթում են: Եթե Հովիկ Աբրահամյանն այս նշված խնդիրները գիտի ու գնում է, հաղթահարում է այս խնդիրները, սեպտեմբերի վերջին կունենա այն, ինչ մենք գրել ենք: Խնդիրը մնում է`ինքն այդքան դուխ, համարձակություն, կազմակերպվածություն, ցանկություն ո՞ւնի այս խնդիրը լուծելու, թե՞ ոչ: Դրա համար եմ ասում՝ դուք սրանք դիտարկեք որպես քաղաքական պահանջ, կամքը կա՝ կլուծվի, չկա՝ չի լուծվի:


-Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմությունն իր վերմակի երկայնքով է ոտքերը մեկնել այս պահանջները ներկայացնելիս, նկատի ունեմ՝ վերջնական իշխանափոխության հարց չդնելով։

- Եթե իշխանությունն ունենա քաղաքական կամք՝ լուծելու, շատ լավ կանի, բայց քանի որ, իմ կարծիքով, սա ստվերի իշխանություն է, գողերի, կոռուպցիայի, չի կարող դա հաղթահարել ու գնալ լուծումների: Այդ դեպքում, բնականաբար, այս 12 կետը չի կատարվի: Օրինակ` մենք գրել ենք գյուղատնտեսական վարկերի, ջրի վարձի հետ կապված կետ,առնվազն՝ կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար։ Օրինակ` դա արժե մեկ միլիարդ դոլար, պայմանական եմ ասում, ստվերում ունենք 20 միլիարդ դոլար: Եթե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ որոշի, որ այդ ստվերը հարկավոր է բերել բյուջե, 20-ից 10-ն էլ բերի բյուջե, մեկն էլ տա ջրին, կստացվի`12 կետց մեկը լուծվեց: Ստացվեց, որ ցանկության խնդիր է: