ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները Ստեփանակերտում քննարկել են խաղաղության հեռանկարները

19:45 • 14.06.14

Հունիսի 14-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում, տեղի է ունեցել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 9-րդ նիստը, «1994թ. մայիսյան զինադադարը և խաղաղության հեռանկարները» օրակարգային հարցով։

 


Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից՝ նախքան նիստը Հայաստանի և Արցախի խորհրդարանականներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողի պատվանդանին։


Նիստին Հայաստանից մասնակցել են Ազգային ժողովի նախագահ, հանձնաժողովի հայաստանյան համանախագահ Գալուստ Սահակյանը և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության անդամները, այդ թվում՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորական խմբակցությունների անդամներ։ Պատվիրակության կազմում ՀՀ գործադիր իշխանությունը ներկայացնում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

 


ԼՂՀ-ից նիստին մասնակցել են Ազգային ժողովի նախագահ, հանձնաժողովի արցախյան համանախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորական խումբ-խմբակցությունների անդամներ, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԱԺ և ԱԳՆ աշխատակազմերի պատասխանատուներ։
Նիստը համատեղ նախագահում էին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների ղեկավարները։


Բացման խոսքում ողջունելով Հայաստանից ժամանած պատվիրակությանը և նկատի առնելով, որ Գալուստ Սահակյանը՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, առաջին անգամն է այցելում Արցախի Հանրապետության Ազգային ժողով, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նրան վերստին շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հղել լավագույն բարեմաղթանքներ:

 


Նշելով, որ նիստի օրակարգն առաջարկվել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների՝ Արտակ Զաքարյանի եւ Վահրամ Աթանեսյանի կողմից և հավանության արժանացել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների կողմից, ԱԺ նախագահն իր խոսքում հակիրճ անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը՝ այդ համատեքստում կարևորելով 1994թ. մայիսյան զինադադարի նշանակությունը։  

«Մայիսյան զինադադարը, որի հաստատման 20-ամյակը լրացավ վերջերս, անշուշտ, նշանակալի ռազմաքաղաքական իրողություն է, որին երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափով նույնպես անդրադառնալու և առաջիկա հեռանկարին միտված հետևությունների հանգելու անհրաժեշտությունը մեծ է»,- ասել է նա։

 


Խորհրդարանի նախագահի գնահատմամբ՝ 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի համաձայնագիրը կասեցրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, պատերազմ, որը սպառնում էր աղետի վերածվել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

«Ընդ որում՝  այդ պատերազմն Արցախի ժողովրդին պարտադրվեց, երբ նա արդեն ինքնորոշվել և ձեռնամուխ էր եղել իր անկախ, ինքնիշխան պետականության կառուցմանը. այսպիսին էր մեր հարևանների պատասխանը ԼՂՀ ղեկավարության պատրաստակամությանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերի ողջ համալիրը»,-ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը։

 

Աժ նախագահը բարձր է գնահատել պատերազմական գործողությունների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ստանձնած միջազգային միջնորդների գործադրած ջանքերը՝ ուղղված արյունահեղության դադարեցմանը։ Այդ համատեքստում արժանին մատուցելով առանձնապես Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ նա նշե է, որ, այնուամենայնիվ, մայիսյան զինադադարի հաստատումը մեծապես ԼՂՀ Զինված ուժերի կողմից Ադրբեջանին իր ռազմական նկրտումներից հրաժարվելու պարտադրանքի արդյունք էր։ Միևնույն ժամանակ՝ ափսոսանք հայտնելով, որ Ադրբեջանի համար դաս չդարձավ ձախողումն իր իսկ սանձազերծած պատերազմում, նա արձանագրեց, որ պաշտոնական Բաքուն իր ռեվանշիստական տրամադրությունները մերթ ընդ մերթ փորձարկում է սահմանում դիվերսիոն գործողություններով ու դիպուկահարների կրակոցներով, ավելին՝ մերժում է վստահության միջոցներ հաստատելու մասին միջնորդների ցանկացած առաջարկություն, մի պահվածք, որը վտանգի տակ է պահում կայունությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

 


Հայտնելով, որ Արցախի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժել ու այսուհետ ևս չի հանդուրժի որևէ ոտնձգություն իր հանդեպ և որ այսօր առավել, քան երբևէ Արցախի բանակը պատրաստ է պաշտպանելու երկրի պետական սահմանները, խորհրդարանի նախագահը նշել է, որ հանրապետության իշխանություններն ակնկալում են համապատասխան միջազգային կառույցների վճռական քայլերը, որպեսզի Ադրբեջանին ստիպեն հրաժարվել իր արկածախնդիր և վտանգավոր քաղաքականությունից՝ հաշվի առնելով, որ այդ քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։
«Մեր այսօրվա քննարկումների նպատակն է՝ ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ջանքերը զինադադարի ամրապնդման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, այդ գործընթացին ներգրավելով նաև տարբեր երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի ու շփումների հնարավորությունները,- եզրափակելով խոսքը՝ ասել է Աշոտ Ղուլյանը:

 


Նիստը հայտարարվել է բացված, որից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Ողջունելով միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ՝ նա վստահություն է հայտնել, որ նիստն արդյունավետ ընթացք կունենա՝ հնարավորություն ընձեռելով բազմակողմանիորեն քննարկելու օրակարգային հարցը և գտնելու նրա լուծման ուղիները։ Հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը, ինչպես նաև՝ երկու խորհրդարանների միջև սերտ համագործակցությունն ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ թույլ կտան հասնել նշմարելի հաջողությունների և քաղաքական, և տնտեսական ոլորտներում։

 


Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, և բազմաթիվ քննարկումներ ու լսումներ են անցկացվել այդ հարցի շուրջ։ Երկու տասնամյակ առաջ համաձայնեցված զինադադարով վերջ դրվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, և Արցախի հաղթանակած ժողովուրդը նոր ավյունով սկսեց կառուցել խաղաղ ու հզոր իր պետությունը: Ներկայում փոխհամաձայնության հասնելու՝ Ադրբեջանի ցանկության բացակայությունը, և նրա կողմից որդեգրած «ամեն ինչ, կամ պատերազմ» քաղաքականությունը թույլ չեն տալիս տարածաշրջանում հասնել լիակատար խաղաղության:

 


Հայաստանի խորհրդարանի նախագահը հավելել է. «Պաշտոնական Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի, և ժխտելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` նա համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները: Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, բազմապատկվել և առավել վտանգավոր են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր խլել:

 


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է լիիրավ կողմ հանդիսանա  հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում, և ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա Արցախի ժողովրդի հավանությանը: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձևաչափի, որը կարգավորման ուղիներ գտնելու լուրջ ներուժ ունի»:

 


ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փորձ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: «Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է հավելյալ լարվածություն ու խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը։

 

 

Ելույթով հանդեսէ եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Անդրադառնալով զինանադադարի մասին համաձայնագրի ստորագրման պատմությանը՝ նա հանգամանալից անդրադարձել է 1994թ. մայիսին ստորագրված փաստաթղթերի դրույթներին, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման անհրաժեշտությունը:

 


Նիստի աշխատանքը շարունակվել է դռնփակ պայմաններում։


Օրակարգային հարցի կապակցությամբ թեմատիկ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ և ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը և Վահրամ Աթանեսյանը: Հակամարտության կարգավորման` գործադիր իշխանության քաղաքականության ու հիմնական սկզբունքների մասին պատգամավորներին պարզաբանումներ է տվել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Բոլոր բանախոսներն այնուհետև պատասխանել են ներկաների հարցերին:

 


Նիստի ավարտին քննարկվել է համատեղ հայտարարության նախագիծը, որի կապակցությամբ պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարության վերջնական տարբերակը հրապարակել նախագիծը լրամշակման ենթարկելուց հետո՝ առաջիկա օրերին։ 

 

Հայաստան-Արցախ միջխորհդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքները երկու հայկական խորհրդարանների նախագահները ամփոփել են համատեղ մամլո ասուլիսում:


Այնուհետև, համաձայն այցի ծրագրի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն արցախցի պատգամավորների ուղեկցությամբ շրջագայության է մեկնել ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնային դիրքեր և զորամասեր։