Քաղցկեղով հիվանդ ամերիկացի երեխան խորհուրդներ է տվել նույն հիվանդությամբ տառապող իր սիրելի մարզիկին (տեսանյութ)
7-ամյա Ջեյք Դենիելը, տեղեկանալով այն մասին, որ իր սիրելի մարզիկ, ամերիկյան ֆուտբոլի աստղ Դևիդ Քեսենբերիին սարսափելի հիվանդություն են ախտորոշել, տեսանյութ է նկարահանել և նրան 5 կարևոր խորհուրդ տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ջեյք Դենիելի խոսքով՝ նա ցանկացել է օգնել իր սիրելի մարզիկին։
«Բարև Դևիդ, իմ անունը Ջեյք Դենիել է, ինձ մոտ դեկտեմբերին քաղցկեղ է ախտորոշվել, իսկ մայիսին ավարտել եմ բուժումս»,- ասում է տղան՝ հույս ունենալով, որ իր կուռքը կտեսնի այդ տեսանյութը։
Ջեյքի մոտ անցյալ տարի՝ Ծննդյան տոներից 3 օր առաջ քաղցկեղ են ախտորոշել։ Նա քիմիաթերապիայի կուրս է անցել մի քանի ամիս, և այժմ հիվանդությունը մեղմացման փուլում է։
Տեսանյութում Ջեյքը 5 կարևոր խորհուրդ է տալիս 23-ամյա մարզիկին. «Առաջին՝ շարունակիր աղոթել, երկրորդ՝ քիթդ բարձր պահիր, երրորդ՝ երբեք մի հանձնվիր, չորրորդ՝ երբ բերանումդ վերքեր հայտնվեն, մարմելադ ծամիր, և հինգերորդ՝ միշտ սիրահետիր բուժքույրերին»։
Իսկ վերջում Ջեյքը հավելում է. «Հաջողություն, ես կաղոթեմ քեզ համար»։
Որոշ ժամանակ անց Դևիդ Քեսենբերին դիտել է տեսանյութն ու պատասխանել է Ջեյքին Twitter-ի իր հաշվում և անգամ առաջարկել է հանդիպել։ «Ջեյք, իմաստուն խոսքեր են։ Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը»։










