Միքայել Դովլաթյանին դուր են գալիս Երևանում կատարվող փոփոխությունները
Ռեժիսոր, Երևանի ավագանու անդամ Միքայել Դովլաթյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրեն դուր են գալիս Երևանում կատարվող փոփոխությունները։
Նա մասնակցում էր Լենինգրադյան ավտոմայրուղու հանդիսավոր բացման արարողությանը և նշեց, որ նման նախագծերը Երևան քաղաքին շատ են պետք. «Ո´չ միայն այն պատճառով, որ բեռնաթափում են Կենտրոնը, այլ նաև՝ այն պատճառով, որ որպես կենդանի օրգանիզմ՝ քաղաքն ունի իր արյունատար անոթները. սա էլ մի անոթ է, որ քաղաքի շնչառությունը լավ լինի»։
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է քաղաքին շնչառություն հաղորդել կանաչ այգիների հատման հաշվին, քանի որ Դալմայի այգու մի հատվածն օգտագործվել է մայրուղու կառուցման համար, ավագանու անդամը նշեց, որ նման նախագծերի համար պետք է ընկալել, որ ուրիշ ելք չկար, և պետք է ծառերը հատվեին։
«Եթե ճանապարհ է գցվել, չի կարող այլ կերպ լինել, այդ հետաքրքրությունների բախումը պետք է լինի, դուք խոսեք այն մասին, որ ծառեր տնկվեն, այսինքն՝ անպայման չէ, որ այն ծառերի տեղում, որոնք կտրվել են, ուրիշ տեղ պետք է անպայման տնկվեն»,-նշեց նա։
Միքայել Դովլաթյանը նշեց, որ ինքը հետևողական է կանաչ տարածքների ընդլայնման հարցում, ավելին՝ նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ խորհուրդը բավական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։
Անդրադառնալով Աֆրիկյանների պանդոկի քանդման մասին հարցին՝ Դովլաթյանը նշեց, որ երիտասարդներն աղմկում են, քանի որ ինֆորմացիայի պակաս ունեն։
«Տեղեկությունները շատ դժվար են հասնում նրանց, երևի պատնեշներ էլ կան, երիտասարդության և պետական այրերի միջև տեղեկությունների կապը այնքան էլ ճիշտ չի աշխատում։ Թափանցիկության մասին չէ խոսքը, այլ նրա, որ գալիս է՝ հասնում մի կետի, որ ինչ-որ մեկին ձեռնտու էլ չէ, որ այդ տեղեկությունը հասնի երիտասարդությանը»,-նշեց նա։
Նա ասաց, որ այդ շենքը պետք է համարակալվի, և ինչպես շատ շենքեր՝ ներառվի Հին Երևան նախագծի մեջ ու պահպանվի։
Հարցին՝ կոնկրետ ինքը՝ որպես մտավորական, հավատու՞մ է, որ շենքը քանդելուց հետո կվերականգնվի, այն դեպքում, երբ քանդված շենքերի օրինակները շատ են, Դովլաթյանը համոզված պատասխանեց՝ «այո´»։










