YouTube-ը մերժել է Եգիպտոսի խնդրանքը` հեռացնել Թահրիր հրապարակում տեղի ունեցած բռնաբարության տեսանյութը

16:22 • 14.06.14

YouTube-ը մերժել է Եգիպտոսի կառավարության կողմից ստացված խնդրանքը` հեռացնել Կահիրեում երկրի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի երդմնակալության ժամանակ Թահրիր հրապարակում տեղի ունեցած սեռական բռնության տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են մերկ և արյունոտված կնոջը դուրս քաշում Թահրիրի հրապարակից, գրում է The Independent-ը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին անձամբ այցելել է հիվանդանոց, որտեղ միջադեպից հետո գտնվում է կինը և ներողություն խնդրել նրանից, ինչպես նաև յուրաքանչյուր եգիպտացի կնոջից՝ երկրում սեռական բռնության համար:

Նախագահի խոսնակի խոսքով՝ զոհը հիվանդանոց նախագահի կատարած այցի ժամանակ խնդրել էր հեռացնել տեսանյութը համացանցից:

YouTube-ը հեռացրել է տեսանյութի կրկնօրինակները, որտեղ երևում է կնոջ դեմքը, բայց թույլ է տվել այն տարբերակները, որտեղ պատկերը շաղված է, քանի որ ընկերությունում համարում են, որ դրանք կարևոր կադրեր են և անհրաժեշտ են լուսաբանման համար: