Վերջերս Երևանում ավելացած երթուղին արդյունք է մեկ երկար երթուղու կարճացման. Ուղևորափոխադրողների միության նախագահ
Վերջերս Երևանում ավելացած երթուղին ո´չ թե արդյունք է շահավետ բիզնեսի, այլ՝ մեկ երթուղու՝ երկու մասի բաժանման: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ փորձելով բացատրել, թե ինչպես է վերջերս Երևանում սկսել շահագործվել 77 երթուղի՝ 76-ի փոխարեն:
«Մի փոքրիկ գաղտնիք բացեմ ձեզ. երբ ժամանակին Երևանի երթուղային ցանցն ստեղծվում էր, շատ երթուղիներ երկար էին, ու մարդիկ չունեին այնքան մեքենա, որ կարողանային ժամանակի ինտերվալները պահելով՝ սպասարկել քաղաքացիներին: Որպեսզի բիզնեսը շահութաբեր դառնա, որոշեցին կիսել երթուղին: Հիմա այդ 77-ը առաջացել է երթուղին կիսելու հետևանքով, որ շահութաբեր լինի, դա կարելի է ասել՝ մի երթուղի է»,-ասաց նա:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա համարում գրել էր, որ պարզվում է՝ մայրաքաղաքում երթուղիների թիվը վերջերս մեկով ավելացել է, սահմանված 76-ի փոխարեն վերջերս դարձել է 77-ը: Ի դեպ՝ նշենք, որ ընդամենը 2012թ-ին է Երևանի քաղաքապետարանը հասատել մայրաքաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների ցանցը՝ սահմանելով 76 երթուղի: Թերթը նաև նշում է, որ ինչպես տեղեկացել են քաղաքապետարանից՝ երթուղին սպասարկում է «Էս Թի Տրանս մոբիլ» ՍՊԸ-ն, ինչը նրան քաղաքապետարանի կողմից թույլատրվել է ժամանակավորապես, առանց մրցույթի:
Հիշեցնենք նաև, որ Հրանտ Եղիազարյանը պարբերաբար հայտարարում է, որ ուղևորափոխադրող ընկերություններն այսօր վնասով են աշխատում, և հարկավոր է բարձրացնել տրանսպորտի սակագինը:
Tert.am-ի դիտարկմանը, թե ևս մեկ երթուղու ավելացումը չի՞ նշանակում, որ իրականում Երևանում երթուղու շահագործումը շահավետ բիզնես է, պատասխանեց.
«Երբ երթուղին երկար է, չի կարող արժենալ այդ ծիծաղելի գինը: Օրինակ՝ այսօր, եթե Աէրացիայից ուզում ես գնալ Քանաքեռ, չես կարող մեկ տրանսպորտով գնալ, այսինքն՝ կվճարես 200 դրամ, ոչ թե 100 դրամ»,-ասաց նա:










