Կենտրոնը շրջանցող Լենինգրադյան ավտոմայրուղին բացվեց (լուսանկարներ, տեսանյութ)
Երևանի կենտրոն մտնող վարորդներն այլևս ստիպված չեն լինի նախկինի պես ժամերով կանգնել խցանումների մեջ։ Կենտրոնը օղակաձև շրջանցող՝ Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա, ավտոմայրուղու հանդիսավոր բացումն այսօր էր, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ բացի այն, որ Կենտրոնը կբեռնաթափվի խցանումներից, վարորդները կխնայեն 15-20 րոպե ժամանակ, և երեք վարչական շրջանները՝ Աջափնյակ, Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա, հանգուցային ավտոմայրուղու շնորհիվ կկապվեն իրար։
«Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5,1 կմ, որից մայրուղու երկարությունը 2,9 կմ է։ Ավտոմայրուղու շինարարության համար ծախսվել է 6,1 մլրդ դրամ, որն ըստ նրա, կառուցվել է բարձր որակով՝ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։
«Քաղաքի կենտրոնը տարանցիկ երթևեկություն ապահովող վերջին տարիներին նախագծված և կառուցված ամենակարևոր օբյեկտներից մեկն է։ Նոր ճանապարհի Լենինգրադյան ավտոմայրուղու բացման արդյունքում մենք հնարավորություն ենք ունենում Կենտրոնը բեռնաթափել, բեռնաթափել նաև Ծիծեռնակաբերդի խճուղին ու Հաղթանակ կամուրջը և նաև հնարավորություն ենք ստեղծում հյուսիս-հարավ հատվածը, այսինքն՝ Լենինգրադյան փողոցն անմիջապես կապել Իսակովի պողոտայի հետ և դուրս գալ օդանավակայանի ճանապարհ»,- նշեց «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց երևանցիներին և շնորհակալություն հայտնեց նախագծի իրականացման համար երկու տարի աշխատած բոլոր շինարարներին։ Քաղաքապետն ընդգծեց, որ դեռ 70-ականներին էր նախատեսված այս ճանապարհի կառուցումը։ «Ինչ-ինչ պատճառներով չէր կառուցվել, և մենք Երևանի գերպլանում ընդգրկեցինք ծրագիրը և այսօր շահագործման ենք հանձնում»,- ասաց նա։
Քաղաքապետը շեշտեց, որ միայն ճանապարհի երկայնքով 12 կմ ոռոգման ցանց է անցկացվել, նոր լուսավորություն է ապահովել, 5 հա կանաչ տարածք է մշակվել, 4 կմ կոյուղագիծ է անցկացվել։ Իսկ վերջինը նրա համար, որ Երևանը նոր ավտոմայրուղու ձախ հատվածում կունենա «Երևան-Բերդ» անունը կրող թաղամաս։
«Ճանապարհի ձախ հատվածում կառուցապատման գոտում նոր թաղամաս է կառուցվելու հետագայում, հիմա ճարտարապետները նախագծի վրա են աշխատում»,- ասաց Տարոն Մարգարյանը և նշեց. « Պաշտոնապես հայտարարում եմ, որ Դալմայի այգիների վրա ոչինչ չի կառուցվելու»։
Ի դեպ, նոր մայրուղու կառուցման համար Դալմայի այգիներից հատվել է 2 տասնյակին հասնող ծառ, իսկ փոխարենը 25 հազար քմ նոր տարածք է կանաչապատվել և տնկվել մոտ 2500 ծառ։
Ի դեպ, խոշոր նախագիծը միակը չի լինի. «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով առաջիկայում նախատեսվում է կառուցել Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3,1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը, որը կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով կարող է միանալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին՝ այդպիսով ապահովելով Արշակունյաց պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը։










