Ճապոնացին մեղրամիսն անց է կացրել Հավայան կղզիների բանտում՝ օդանավում կռվից հետո
Հավայան կղզիների դատարանը քննում է Ճապոնիայից ուղևոր Կենջի Օկամոտոյի գործը, որը մեկնել էր կղզիներ՝ մեղրամիս անցկացնելու, սակայն արդեն մեկ ամսից ավելի է գտնվում է կալանքի տակ՝ օդանավում բորտուղեկցորդին հարվածելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ABC հեռուստաալիքին հղումով։
30-ամյա Կենջի Օկամոտոն ուրբաթ իրեն մեղավոր է ճանաչել և ներողություն խնդրել։
Ինչպես ասվում է գործի նյութերում, ճապոնացին մինչև օդանավ մտնելը ոգելից խմիչքներ է օգտագործել, նա շարունակել է «գործը» նաև թռիչքի ժամանակ և «շատ է բարկացել», երբ բորտուղեկցորդներից մեկը հրաժարվել է վերցնել իր սկուտեղը՝ ձեռքերը զբաղված լինելու պատճառով։
Սակայն նրա բռունցքները «բաժին են հասել» մեկ այլ բորտուղեկցորդի, որը փորձել է շտկել իրավիճակը։
Նրա վճիռը կկայացվի սեպտեմբերի 22-ին։










