ՆԱՏՕ-ն Ուկրաինայում զորք տեղակայելու մտադրություն չունի. Ռասմուսեն

18:13 • 15.06.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր հայտարարել է, որ այդ կառույցը Ուկրաինայում զորք տեղակայելու մտադրություն չունի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:


Նա պատմել է, որ այժմ ՆԱՏՕ-ն միջոցառումների փաթեթ է պատրաստում, որը անդամ երկրների քննարկմանը կներկայացվի այս ամսվա վերջին: Այդ փաթեթով նախատեսվում է բարեփոխումներ կատարել, արդիականացնել Ուկրաինայի զինված ուժերը:


Ռասմուսենը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա: Սակայն մյուս կողմից նա չի բացառել, որ անդամ երկրներից որևէ մեկը կարող է ցանկանալ անհատական կարգով զինավարժությունների մասնակցել Ուկրաինայի տարածքում:


Փաթեթը, ըստ էության, կլինի գործընկերային հարաբերություն, որը Ուկրաինային թույլ կտա, օրինակ, մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին:


Եվրոպայում անվտանգության միջոցառումների մասին խոսելով՝ Ռասմուսենը նշել է, որ մերձբալթյան երկրներում ամրապնդվել է հակաօդային պաշտպանությունը, Բալթիկ և Սև ծովերում տեղակայվել են ՆԱՏՕ-ի նավերը, զորավարժություններ են անցկացվել Բալթյան երկրներում և Լեհաստանում:


Եվրոպայի մասով՝ հետագա պլանների առումով Ռասմուսենը չի բացառել նշված տարածքներում զորքերի տեղակայումը: