Բաքվում գտնվող հայկական պատվիրակության և ադրբեջանցի պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել

15:36 • 16.06.14

Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի պատվիրակության և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նիստի սկզբում ելույթ է ունեցել LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը, և, խոսելով դրական փոփոխությունների մասին, նա նշել է, որ Ադրբեջանի միակ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ «Հիմնական սկզբունքները պետք է լինեն պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, և այն պետք է վերականգնվի»,-ասել է նա։

 

Սամութի ելույթին դեմ է արտահայտվել հայկական պատվիրակությունը։ Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բողոքել է Սամութի ելույթի դեմ։

Նա պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշման հարցի վրա։

 

Նրանից հետո ելույթ ունեցած ադրբեջանցի պատգամավոր Սայավուշ Նովրուզովը մասնակիցներին հիշեցրել է ադրբեջանական հողերի «օկուպացիայի» մասին և հայտարարել, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։

 

Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը կոչ է արել ծանոթանալ ՄԱԿ-ի բանաձևի տեքստին և հետո միայն Հայաստանին «ագրեսոր» կոչել։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերություններին, և Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։