Իտալիայի գլխավոր հեռուստաալիքը սկանդալի մեջ է հայտնվել Քրիստոսի արձանին մարզաշապիկ հագցնելու համար
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի արքեպիսկոպոսարանը սպառնում է բազմամիլիոնանոց հայց ներկայացնել Իտալիայի գլխավոր RAI հեռուստառադիոընկերության դեմ, որն իր գովազդներից մեկում, ըստ մեղադրող կողմի, սրբապղծություն է թույլ տվել։
Ինչպես նշում է Euromag-ը, 37 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակում երիտասարդ բրազիլացիներն Իտալիայի հավաքականի բաց երկնագույն մարզահագուստով փողոցային ֆուտբոլ են խաղում։ Հոլովակի վերջում անսպասելիորեն հայտնվում է Հիսուս Քրիստոսի հանրահայտ բրազիլական արձանը՝ 10 համարի մարզաշապիկը հագին։
Այս գովազդն այնքան է վիրավորել բրազիլացիների զգացմունքները, որ նրանք այն սրբապղծություն են որակել՝ բացատրելով, որ Փրկչի կերպարի օգտագործումը գովազդային նկատառումներով հանցագործություն է։
Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհում Բրազիլիայի խորհրդանիշն ու աշխարհի նոր հրաշալիքներից մեկը համարվող արձանի հեղինակային իրավունքները պատկանում են Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսարանին։










