Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է կին ղեկավարի

16:37 • 16.06.14

ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է հետևել Գերմանիայի օրինակին և պետության ղեկավար նշանակել կնոջ, հայտնում է РИА Новости-ն։

 

«Այդ հարցում մենք բավականին հետ ենք մնում ձեզանից՝ Գերմանիայից։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես մոտ ժամանակում կին ղեկավարի, և ես կանեմ հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա, թեև չգիտեմ դեռևս՝ արդյո՞ք դա ես կլինեմ»,- ասել է Քլինթոնը գերմանական Stern ամսագրին տված հարցազրույցում։

 

Քլինթոնը հայտարարել է, որ հասկանում է Գերմանիայի բնակիչներին, որոնք վրդովված են իրենց երկրի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող էլեկտրոնային լրտեսման մասին լուրերից։

 

«Ես նույնպես կբարկանայի, ինչպես այժմ բարկացել են գերմանացիները։ Ես կպահանջեի, որպեսզի իմ ընկերն ու դաշնակիցն անմիջապես դադարեցներ գաղտնալսումները»,- հայտարարել է Քլինթոնը՝ նշելով, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև հետախուզական գործունեության մասին գրավոր համաձայնագիրը խնդիրը չի լուծի։